«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, սահմանադրագետ Արման Աբովյանին։
Արման Աբովյանի հետ քննարկել ենք Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի, հանրաքվեի եւ Սրբազան շարժման մասին։
-Պարոն Աբովյան Ադրբեջանը կարծես թե կրկին պատերազմով է սպառնում, ի՞նչն է սրա պատճառը։ Հնարավո՞ր է, որ «Սրբազան շարժում»-ը պատճառ լինի։
-Մասնակի կարելի է կապել «Սրբազան շարժման» հետ, սակայն հակառակ էֆեկտով։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանի համար այս իշխանությանմնալը կենսական նշանակություն ունի։ Եվ այս կամ այն պարագայում, այո կարող են միջնորդված գործողություններ կատարել, որոնք ավելորդ լարվածություն կմտցնեն հայկական հասարակության ներսում եւ տեղ կտա իշխանությանը ավելի լայն օգտագործել մանեւրելու հնարավորությունը։ Բայդ դա կրկին շինծու օրակարգ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի նկրտումները, ըստ էության, գլոբալ առումով կապ չունեն Հայաստանի ներսում կատարվող իրադարձությունների հետ։ Մեծ հաշվով միեւնույնն է, թե ով կլինի իշխանության գլխին, կարեւորն այն է, թե Ադրբեջանն ինչ գործիքակազմ կկիրառի այս կամ այն իրավիճակում։ Եթե, օրինակ, այս իշխանությունը, որը հնազանդորեն կատարում է Ադրբեջանի բոլոր նախապայմանները, վտանգված լինի, ապա Ադրբեջանը իհարկե անհանգիստ կլինի ու այլ գործիքակազմ կկիրառի։ Սակայն եւս մի նրբերանգ կա. այն ինչ անում է այսօրվա իշխանությունը հակառակ գործընթաց է։ Քաղաքականությունը, որը այսօր վարում է իշխանությունը, այսպես, թե այնպես, նպաստում է Ադրբեջանի կողմից պատերազմի սկսելուն, այսինքն՝ իշխանությունն ասում է եկեք տանք, թե ոչ՝ պատերազմ կլինի։ Սա գլոբալ առումով ժողովրդին անասնական վախի մեջ պահելու նպատակ ունի։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ ինքը միջոց է Ադրբեջանի համար՝ ակտիվ գործողությունները գեներացնելու համար։ Հայաստանի իշխանությունը, ըստ էության, փլուզեց Հայաստանի հյուսիսային ամուր գոտին եւ բերեց սահմանին կանգնեցրեց Ադրբեջանի հարվածային ռազմական ստորաբաժանումները՝ անունը դնելով սահմանապահ։
Եթե ժամանակին Ադրբեջանը մի քանի տասնյակ կամ հարյուր կիլոմետր հեռու էր Հայաստանի լոգիստիկ հանգույցներից, որոնք կենսական նշանակություն ունեն իրականում Հայաստանի համար, ապա այսօր ուղիղ թիրախային կետում ենք։ Հաշվի առնելով Ադրբեջանի պետական դոկտրինը, որը բազմիցս հնչեցվել է, Հայաստանը երեք փուլով պետք է չեզոքացվի՝ կռվով, ՀՀ իշխանության քայլերով պատերազմի շանտաժով եւ այլն։ Այսպես կոչված անկլավային քաղաքականությունը հենց այդ նպատակն ունի։
Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու։
-Հանրաքվեին անդրադառնալով պետք է նշել, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ժողովրդի հետ հանդիպմանը նշել էր, որ հաջորդ հանձնվելիք տարածքները, ամենայն հավանականությամբ, կլինեն սյունիքից։ Չնայած այդ ամենին Նիկոլ Փաշինյանին դիմավորել էին բավական ջերմ։ Նման ընդունելությունը տեսնելով ի՞նչ եք կարծում, հանրաքվեն ի՞նչ կարող է փոխել։
-Ինչ վերաբերվում է այս իշխանությանը սատարող մարդկանց ես նրանց չեմ մեղադրում։ Մարդիկ գտնվում են տեղեկատվական տեռորի տակ։ Սակայն այդ թիվը սակավ է, ՀՀ ժողովրդի մեծ մասը վստահ եմ հասկանում է, որ այս իշխանությունը մեզ տանում է սպանդի։ Պետք է հասկանալ, որ հասարակության մեջ կան տարբեր խավեր։ Մարդիկ վախեցած ու մոլորված են։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՈՒՂԵՐՁ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Արցախի նախագահ Սամվել Շահամանյանի մեքենայի առեւանգումն ուղերձ է Բաքվին։ Այս մասին երեկ՝ հունիսի 21-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա բացառապես քաղաքական ուղերձ է ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք։ Ուղերձ է նաեւ արցախցիներին, որ արցախցիները որեւէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ հանրային գործընթացներին»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ այդ գործընթացը ձախողվելու է։
Հարցին՝ արդյո՞ք այս քայլն արվել է նաեւ այն պատճառով, որ Շահրամանյանը վերջերս լրագրողներին տված ճեպազրույցում ասել էր, թե հրապարակային անդրադառնալու է Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, Խաչատրյանն ասաց. «Այդ ամեն ինչը չեմ բացառում, սա իհարկե նաեւ լռեցնելու նպատակ էր հետապնդում։ Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման եւ պատճառների մասին այնքան ստեր են պատմել, որ նրանք ամենեւին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»։
Պատգամավորի խոսքով՝ արցախցիներին իշխանությունը փորձում է թողնել առանց ղեկավարի. «Իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը չի կարող կազմակերպվել, եւ, ցավոք, հակված կլինի լքելու Հայաստանը»։
Ի՞ՆՉ ԹՈՒՂԹ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԻՆ
Բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: Այս մասին, երեկ՝ հունիսի 21-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Փաստաթղթի մեջ հստակ երեւում է՝ հրաժարվում ենք գույքային եւ այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրգործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ասաց նա:
Գառնիկ Դանիելյանը նշեց՝ մարդիկ կան Կիրանցում, որ ունեն կադաստրի վկայականներ ու չեն վերցրել գումարները. «Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Ամբողջ պետական ապարատն աշխատում է գյուղացիների հետ: Այդ ճնշումներն իրականացվում են ուժային կառույցների ՏԻՄ մարմինների»,- նշեց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանին տեղեկություններ են հասել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ հատ-հատ աշխատում են եւ՛ պաշտոնյաները, եւ՛ հատուկ ծառայությունները:
«Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքը ուզենաք վաճառել: Ու ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց, Տիգրանաշեն», – ընդգծեց պատգամավորը:
Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպումն այլ է եղել։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Երեկ էլ եմ հանդիպել Սուրենին, երկար խոսել ենք։ Բոլորը ջղերի վրա, զգացումների մեջ է դեպի բարին գնալու, այս շարժումը ավարտին հասցնելու։ Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված, առաջին պատասխանատուն ես եմ, եւ՛ պատասխանատուն, եւ՛ մեղավորը», – ասաց Սրբազանը։
ՀԱՅՏՆԵԼ ԵՆ «ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ»
Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին եւ «խիստ նկատողություն» հայտնել՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:
Պարբերականը նշում է, որ Հայաստանից առաջ Պաղեստինի անկախությունը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, ինչից հետո Իսրայելը, ըստ տեղեկությունների, առաջարկել է նվազեցնել հարաբերությունները տվյալ երկրների հետ:
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։
«ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ». ԼԱՎՐՈՎ
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կարգը անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ոչ, Հայաստանի դուրս գալու կարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան դիմում չի ստացվել»,- ասել է նախարարը։
Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Հայաստանից որեւէ փաստաթուղթ չի ստացվել, որ քննարկեն հետեւանքները։
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՆՅՈՒ ՅՈՐՔ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք:
Նա հունիսի 25-27-ը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին:
Վիլեն Գաբրիելյանի գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին: