ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ՝ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու բազմաթիվ աջակիցներ մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, տեսնեն, թե որտեղից են անցնում Նիկոլ Փաշինյանի ասած պաշտպանական փշալարերը։

Շարժման առաջնորդին եւ մասնակիցներին բնակիչները սպասել են եկեղեցու բակում։
Ասում էր՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառ ենք տնկելու, հիմա այդ դպրոցն օգտագործելո՞ւ են, որ միլիոններով բյուջեից ծախս են արել: Այս մասին Կիրանցում բնակիչների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Հին դպրոցը խնդիրներ ունի, որի կողքը մենք բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ: Որոշել են նոր դպրոց կառուցել, գյուղում առավելագույնը 50 աշակերտ է եղել, հիմա նայեք, թե ինչ հսկայական դպրոց է կառուցվել, չգիտեմ քանի հարյուր աշակերտի համար, հսկայական գումարներ են ծախսել, հիմա ասում են՝ դպրոցը չի գործարկվելու», – ասաց նա՝ հավելելով, որ հավանաբար հենց սկզբից էլ մտածել են, որ դա որպես դպրոցի չի ծառայելու:
Անդրադառնալով տուն կորցրած Կիրանցի բնակիչներին փոխհատուցումներ տալու խնդրին, Բագրատ Սրբազանն ասաց. «Գնացեք հարցրեք, բյուջեում այդպիսի տող կա՞, որից տալիս են այդ գումարները: Այստեղ 1000 դոլարանոց վագոն-տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել»:
Լրագրողների հետ զրույցում սրբազանն անդրադարձել է շարժման նպատակներին. «Սա արդեն գոյաբանական հարց է դարձել, սահմանն արդեն մետրերով է չափվում: Երկրորդ պարագան, ես ցանկացա այստեղ գալ, որ մարդիկ որեւէ ձեւով միայնակության զգացում չունենան, որովհետեւ իրենք շատ մեծ պայքարի մեջ են: Մենք մի քանի մեքենայով պետք է գային, բայց հարյուրավոր մարդիկ են ավելացել: Սա նշանակում է, որ մարդկանց ընդվզումը շատ առարկայական է: Սա չի կարող մոռացվել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Կիրանցի նոր կառուցվող դպրոցը ընդամենը մի քանի տասնյակ մետր է հեռու սահմանից, Սրբազանն ասաց. «Ինչու այն ժամանակ բերել են, այստեղ են կառուցել դպրոցը՝ իմանալով հանդերձ, թե ինչ են անելու:
Եթե այսպես շարունակվի, հաստատ ասում եմ՝ այստեղ մարդ չի ապրելու, եւ ոչ միայն այս գյուղը»:
Դիտարկմանը, որ իշխանական շրջանակներն իրեն մեղադրում են, որ կար պայմանավորվածություն արագ սահմանազատման գործընթաց իրականացնել, բայց ինքը այս շարժումով դա վիժեցրել է, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Լավ ենք րել, վիժեցրել ենք Հայաստանի հանձնումը: Էս մարդիկ ամեն գնով ամեն ինչի պատրաստ են, մենք դա ենք վիժեցրել եւ լավ ենք արել, ճիշտ ենք արել եւ շարունակելու ենք անել: Իրենց վիժեցնելու նաեւ, ոչ միայն գործընթացը»:
Բագրատ սրբազանն անդրադարձել է նաեւ Էդմոն Մարուքյանի կողմից արված հայտարարությանը։
Էդմոնը իզուր տեղը թող չփորձի ջրեր պղտորել: Այս մասին երեկ հունիսի 21-ին Տավուշի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, ով նշել էր, որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպել է հյուրանոցում, հետո իրեն տարել են Սերժ Սարգսյանի տուն՝ հանդիպելու, ինչը ինդիկատոր է:
«Եթե սկսեմ մեղադրանքների, վերլուծությունների լեզվով խոսել, էնքան բան կա մեղադրելու: Ժամը կգա դա էլ կասեմ, բայց ես հնարավորություն եմ տալիս իրենց խելքի գալու»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն իրեն մեղադրում է գործարքի գնալու մեջ, Սրբազանն ասաց. «Դե ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան է, երեւի կարող է ասել»:

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։

Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձեւերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալու նոր նախաձեռնություններով եւ միանալու առկա նախաձեռնություններին։
Ասվածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկյան Սենատում, որտեղ Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի եւ Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաեւ միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաեւ կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։
Կոնգրեսական այս նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է? «Քանի որ ավելի քան 115?000 հայեր դեռեւս վտանգի տակ են, որոնք բախվում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի եւ բժշկական օգնության հասանելիության մարտահրավերների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի եւ Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։ Մենք պետք է տեսնենք, որ այս օգնությունը տրամադրվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերին եւ ամերիկյան կայուն արշավին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:
Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են. «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլեւս երբեք չկրկնվեն: Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական եւ տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»:

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի, անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց եւ պարզեց, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում չկան նաեւ Նիկոլ Փաշինյանի երեխաների եւ կնոջ տվյալները։
«Ժողովուրդ» օրաթերթին ԿԸՀ-ից հայտնեցին, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Միգրացիոն ծառայության պատասխանատվության ներքո է։

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՏԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՆ
Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ են հավաքվել իրավապահները, կոտրելով շենքի մուտի դարպասները՝ առգրավում են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
Նշենք, որ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը օրեր առաջ հրաժարվել էր մեքենան հանձնել, որից հետո ոստիկանները փորձել էին տարհանել, բայց այդպես էլ չի հաջողվել, մեքենան կնքել էին ու հեռացել։
Ինչո՞ւ էին իրավապահները չորս ժամ փորձում առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան, որը, ինչպես վստահեցնում է փաստաբանը, Արցախի սեփականությունն է։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեքենան առգրավվելու որոշումը կապված է դեռ տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ էական նշանակության հանգամանքներ պարզելու համար: Խոսքը թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործի մասին է։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով։ Դանիելյանը ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, բայց վարույթը շարունակվում է։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության։




Լրահոս