«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի քրեական գործի շրջանակներում մտել է նրանց տուն՝ խուզարկության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խուզարկությունը սկսվել է վաղ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում: Տանն այդ պահին անգամ եղել է երգիչ Սպիտակցի Հայկոն, որը դժգոհություն է հայտնել, թե ինչու են այդ ժամին մտնում մարդկանց տուն խուզարկության: Ինչեւէ՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դաձավ, որ խուզարկելուց հետո Սպիտակցի Հայկոյի տանից քրեակաան գործի հետ առնչություն ունեցող որեւ բան չի հայտնաբերվել եւ որեւէ բան իրավապահները չեն առգրավվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։
Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից.
«Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր, պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը։ Թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը:
Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանը հունիսի 24-ին կհրապարակի որոշումը, թե բավարարել է դատախազությունը բողոքը, թե ոչ: Իսկ ահա որոշում կայացնող դատավորը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն է:
ՈՐՈՇՈՒՄ՝ ԴԱՏԱՎՈՐ ԴՍՏԵՐ ԳՈՐԾՈՎ
Այս տարվա մարտի 26-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին կալանավորել են:
ՀՀ քննչական կոմիտեից նշել էին, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց խարդախության գործով։
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ. ստեղծել է հանցավոր կազմակերպություն: Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու եւ դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ եւ խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ:
Ըստ նախաքննական մարմնի 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:
Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների ներկայացուցիչներ եւ իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման եւ գույքի օտարման գործարքներ։
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:
ԳՈՒՄԱՐ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից եւ վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ եւ 90.000 ՀՀ դրամի խմիչք:
Մասնավորապես՝ Երեւանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին զինվորական հետագա ծառայությունից ազատելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Վ. Ս.-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու համար Ա. Մ.-ն եւ նրա մայրը պատրաստ են կաշառք տալ:
Տեղեկանալով զինծառայողի եւ նրա մոր կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, սակայն իրականում նպատակ չունենալով նշված հարցով դիմել որեւէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դիտավորությամբ Վ. Ս.-ն Կ. Պ.-ին վստահեցրել է, թե իբր իր ծանոթ պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Ա. Մ.-ին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:
Ա. Մ.-ն եւ նրա մայրը, տեղյակ չլինելով Վ. Ս.-ի իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, Կ. Պ.-ի միջնորդությամբ Վ. Ս.-ին են փոխանցել խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ եւ 90.000 ՀՀ դրամի խմիչք:
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: