Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը` կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում:
Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն` հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից ընդունում պարտադիր կուտակային վճարների անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշիվ մուտքագրված և հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշիվ մուտքագրված գումարներից և ՀՀ պետբյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար և այլն: Վերը նշվածը կարող է կատարվել սույն որոշման ընդունմամբ:
2014թ. մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին: Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» և «պատրաստ չէ» արդյունքներով: Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի և ազդարարման համակարգի վիճակին: Մինչև օրս ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել: Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: