Kaspersky Security Day. ԿՈՆՖԵՐԱՆՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան, 21 հունիսի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հունիսի 21-ին Երեւանում՝ «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգությունը որպես արվեստ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու եւ դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին եւ գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական եւ միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

«Kaspersky Security Day»-ն անցկացրել են ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության Սպառնալիքների հետազոտման եւ վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) տեղեկատվական անվտանգության սպառնալիքների առաջատար հետազոտող Տատյանա Շիշկովան ներկայացրել է «Գործողության վայրը՝ 2024 թվական. ժամանակակից սպառնալիքներ եւ պաշտպանության մեթոդներ», իսկ Ռուսաստանում, Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրներում մարքեթինգի վարչության ղեկավար Ջաբրաիլ Մատիեւը՝ «Կատարյալ ներդաշնակություն. «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության լուծումների պորտֆոլիո» թեման։ «Կասպերսկի»-ի տեղեկատվական անվտանգության եւ SOC ծառայությունների մոնիթորինգի համակարգերի ներդրման նախագծերի ուղեկցման խմբի ղեկավար Եվգենյա Լագուտինան անդրադարձել է «Kaspersky Symphony XDR. համալիր պաշտպանության նոր հնարավորություններ»-ին, խոշոր բիզնեսի համար նախագծերի նախավաճառքային աջակցության տնօրեն Եվգենի Բուդարինը «Բոլոր մակարդակներում թիրախային գրոհների դեմ առաջադեմ պաշտպանություն «Կասպերսկի» ընկերության լուծումներով» թեմային։
«Այս կոնֆերանսում «Կասպերսկի»-ն ներկայացրեց բիզնեսի համալիր պաշտպանության իր պորտֆելի զգալի թարմացումները եւ ընդլայնումները: Դրանում իրագործված է տեղեկատվական անվտանգության նկատմամբ էկոհամակարգային մոտեցումն այնպես, որ միմյանց հետ սերտորեն ինտեգրված պրոդուկտները, որոնք գործում են կատարյալ ներդաշնակությամբ, թույլ են տալիս հայտնաբերել եւ կանխել ամենաբարդ կիբեռգրոհները»,- նշում է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարեւոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել եւ պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

ՀԱՄԱՏԵՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ
Տասնյակ գործարարներ եւ խոշոր ընկերությունների ղեկավարներ Հայաստանից օրերս այցելել էին Գերմանիա՝ քննարկելու Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի՝ «ESMT Berlin»-ի եւ հայաստանյան «Մատենա» միջազգային դպրոցի համատեղ կրթական ծրագրերը, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվող կրկնակի դիպլոմով եւ 1.5 տարի տեւողությամբ EMBA ծրագիրը, որը հատուկ մշակված է ղեկավարների համար եւ անցկացվելու է Հայաստանում, Գերմանիայում, Կիպրոսում եւ Դուբայում:

Խոշոր ընկերությունների հիմնադիրներից, բանկերի տնօրեններից բացի, հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարը՝ իր գլխավորած պատվիրակությամբ, եւ Գերմանիայում Հայաստանի դեսպանը:
«ESMT Berlin»-ի նախագահ Յորգ Ռոխոլը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ, հիմնադրված լինելով այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «Deutsche Bank»-ը, «Siemens»-ը, «Mckinsey»-ն եւ այլն, իրենք շատ բծախնդիր են գործընկերներ ընտրելու հարցում, եւ «Մատենայի» հետ գործընկերության հիմքում ընկած է վստահությունն ու բիզնես կրթության համաշխարհային բարձր որակը, որն ապացուցվել է համատեղ կարճաժամկետ ծրագրերի փորձով:
«Մատենայի» համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի եւ «Մատենայի» համատեղ ծրագիրը կարող է դառնալ լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում՝ ներգրավելով միջազգային մասնակիցների:
«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը եւ «Adobe Armenia»-ի տնօրեն Լիաննա Հայրապետյանը համակարծիք են եղել, որ նման ծրագրի առկայության դեպքում իրենք այլեւս ստիպված չեն լինի միայն արտասահմանից փնտրել համաշխարհային մակարդակի ղեկավարների ու կառավարիչների իրենց ընկերությունների համար: Բիզնես առաջնորդները կարեւոր են համարել Հայաստանում այդպիսի որակի բիզնես կրթություն ունենալը:
Նախատեսվում է, որ «ESMT Berlin»-ի եւ «Մատենայի» համատեղ EMBA ծրագիրը կմեկնարկի մեկ տարվա ընթացքում:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը՝ առաջարկելով հատուկ փաթեթներ անհատական եւ կորպորատիվ հաճախորդներին։ Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության եւ հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։
Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի։ Այս մասին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Այս նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը եւ տրանսպորտային ծախսերը։ Սա լավ օրինակ է, թե ինչպես բիզնեսը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրում մի ամբողջ էկոհամակարգի զարգացման վրա»։
Լիցքավորման կայաններն ապահովում են մինչեւ 160 կՎտ հզորություն եւ նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար:
Կայանների ցանցն է՛լ ավելի մեծացնելու նպատակով ընկերությունը ոլորտով հետաքրքրվող անձանց առաջարկում է, համագործակցելով Team Energy-ի հետ, ստեղծել համատեղ կայան եւ ստանալ համակարգի ամբողջական սպասարկում, իսկ էլեկտրական մեքենաների պարկ ունեցողներին՝ օգտվել մեքենաների լիցքավորման գործընթացը վերահսկող հատուկ համակարգից։
Հիշեցնենք, որ Team Energy հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնելու մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարելու լիցքավորում եւ վճարելու բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաեւ Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
Armenian Auto Show 2024-ը կգործի հունիսի 21-ից 23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։




Լրահոս