ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ SarGiz-Ի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հուլիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնում (Աբովյան 13) կկայանա նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Ցուցահանդեսի ընթացքում արվեստասերները հնարավորություն կունենան դիտել երջանկահիշատակ արվեստագետի մի քանի տասնյակ աշխատանքներ, որոնց շնորհիվ պատկերացում կկազմեն SarGiz-ի թողած հարուստ ժառանգության մասին։ Իրադարձության նախաձեռնությունը Սարկիսյանի ընտանիքինն է։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կտեւի մինչեւ հուլիսի 4-ը։
«Արվեստը կրում է ժամանակի բոլոր շերտերի կարեւորությունը, բոլոր ժամանակների մշակութային կապը, մեկը մյուսին լրացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ, մեկը մյուսին ժխտելու անսպասելիությունը։
Արծաթը, պղնձի զարդանախշերը ստանում էին պատկերների մի նոր մեկնաբանություն, ստեղծելով կոմպոզիցիաների ներդաշնակ համայնապատկեր: Գույնը, գիծը, թափանցիկ միջնադարյան հայացքները, մաշված որմնանկարների ոսկեպատ – լույսը շշնջում են Աստծո խորհուրդների գանձարանում, պատկերները ստանում են մի նոր երանգ, կարեւորություն հաղորդելով արվեստին: Եթե արվեստը մարդու հոգու հայելին է, ապա Գագիկի ստեղծած արվեստում մենք մասնակցում ենք նրա անսահման սիրո զգացմունքների արտահայտմանը, որոնք կմնան իբրեւ արվեստի գլուխգործոցներ իր ժամանակի ու ժամանակից դուրս տիեզերական լռության ներքո…», – Գագիկ Սարկիսյանի մասին նշում է նրա ընկեր, նկարիչ Արմեն Խոջոյանը։
«Ապշեցուցիչ էր արհեստի ցանկացած տեսակում նրա աշխատելու կարողությունը։ Բայց ավելի զարմանալի էր, երբ նրա արհեստը օգնության էր հասնում արվեստին: Թերթավոր պղնձից թեթեւ, մի շնչով արված անհավանական բարդության քանդակները, իդեալական ըստ մտահղացման եւ իրականացման: «Տրոյական նժույգը» հիասքանչ եւ բացառիկ կոմպոզիցիան ապշեցնում է իր բացարձակ գեղագիտությամբ: Հիանալի են կենդանիների պղնձե քանդակները` ցլի, խոյի, քարայծի: Տարօրինակ եւ արտասովոր է «Խաղաղաբերը» քանդակը։ Կոլաժները։ Դա նույնպես «Մեծ մարդու» գործ է։ Կիրառել հինավուրց առարկաները, կահ-կարասին, փայտի ճաքերով կտորները, պղնձե թասերն ու գավերը, եւ այդ իրենց դարն ապրած առարկաներից ժամանակակից, կենսաշունչ եւ արդեն ժամանակային շրջանակներից դուրս ինչ-որ բան արարելը` ահա եւս մի նվաճված նպատակ, եւս մի գրավված ուղի։ Գեղանկարչությունը։ Բազում մտքեր, իրականացված տարակերպ կտավներում՝ գունավոր Բուդդաները եւ ցնորական բնանկարները: Իր թոռների քնքուշ եւ զարմանալիորեն գորովալից խմբանկարը։ Թեթեւություն եւ բարդություն, գաղտնիք եւ ցանկացած հայացքի համար բաց գաղափար ահա անհամատեղելիի համատեղումը նրա նկարներում»,-այսպես է բնութագրում SarGiz-ի արվեստը նկարիչ Աննա Ադիյանը։
Նշենք, որ Գագիկ Սարկիսյանը ծնվել է 1957 թ.։ 1979 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1984-1992 թթ. աշխատել է Հնությունների վերականգման կոմիտեում, որպես փայտամշակման արվեստանոցի ղեկավար: Աշխատանքներ է իրականացրել Երեւանում, Աշտարակում, մասնակցել է Հառիճի եկեղեցու ձեւավորմանը։ 1993 թ. հրավիրվում է Մոսկվա «Ուսադյբա Վալուեվա» վերականգման աշխատանքների մասնակցելու: 2000 թ.-ից մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում հայ նկարիչների ցուցահանդեսներին: 2005 թ.-ից սկսած մասնակցում է Մոսկվայում «Արտմանեժ» ցուցահանդեսին: 2006 թ.-ից մասնակցում է ՌԴ պատմության թանգարանում Հ. Իգիթյանի կազմակերպած ցուցահանդեսին: 2021 թ. հրավիրվում է «Մաչանենց» միջազգային սիմպոզիումին: Մահացել է 2023 թվականին։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՕՍՄՈՍ ՏՐԻՈ»-Ն՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել:

Հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) եւ Կարեն Քոչարյանը (հարվածայիններ):
«Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է համերգի ընթացքում բոլորի աչքի առաջ եւ հանդիսատեսի մասնակցությամբ, իմպրովիզ է, բայց հետո ստեղծագործությունները հանձնում ենք թղթին, ձայնագրում: Երաժշտությունը կախված է ունկնդրից, նրա էներգիայից, տրամադրությունից, վիբրացիայից»,-նշում է Հայրապետյանը:
Նա վերջերս նոր ստեղնաշարային գործիք է ձեռք բերել, որ կոչվում է Osmose: Այդ գործիքը նորարարություն է ստեղնաշարային գործիքների աշխարհում: «Խմբի անունը ընտրել եմ՝ ոգեշնչվելով գործիքից: Շատ տարօրինակ գործիք է՝ տարօրինակ տեսքով ու հնչողությամբ»,-ասում է երաժիշտը:
Խումբը նորաստեղծ է, սակայն ելույթներ է ունեցել տարբեր հարթակներում, իսկ Ձիթողցյանի ստուդիայում առաջին անգամ են նվագելու:
Համերգը կիրականացվի «ԹԻ ԷՄ պրոդակշն»-ի նախաձեռնությամբ, որի ջանքերով «Տիգրան արտ ստուդիո»-ում հիշարժան երաժշտական երեկոներ պարբերաբար կազմակերպվում են: 2023-ին ստուդիան հյուրընկալել է Նյու Յորքից իտալացի թավջութակահար Ռիք Ռոզատոյին, որը Հայաստան էր ժամանել Տիգրան Համասյանի համերգային ծրագրի շրջանակում: 2024-ին այնտեղ համերգներով հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Վարդան Օվսեփյանն ու Արտո Թունջբոյաջյանը: Առաջիկայում երաժշտասերները առիթ կունենան ունկնդրելու Լիլիթ Պիպոյանին:
Յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու Տիգրան Ձիթողցյանի ինքնատիպ ստեղծագործությունները, իսկ համերգի ընդմիջմանը վայելում է Ձորաղբյուրի մեղմ եղանակը:

«ԱԼԱՇԿԵՐՏ»-Ի ՄԱՐԶԻՉՆ Է
Երեւանի «Ալաշկերտ»-ը նորից կմարզի Աբրահամ Խաշմանյանը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի Գավաթը եւ Սուպերգավաթը:
Աբրահամ Խաշմանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկա», «Արարատ», «Գանձասար», «Կիլիկիա», «Բանանց» «Ալաշկերտ» ակումբներում: Եղել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ մարզիչը:

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ:
Ազգային ընտրանին երեւանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը:
«Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ իր համար հպարտություն է 17 տարեկանում ընտրանու անդամ լինելը:
Ազգային թիմի փորձառու բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանն էլ առանձնացրեց, որ ընտրանու անդամներն արդեն սկսել են իրար լավ հասկանալ:
«Վստահ եմ, որ Կոսովոյում կայանալիք առաջնության ժամանակ կկարողանանք շատ լավ հանդես գալ: Հույս ունեմ, որ կպայքարենք նաեւ չեմպիոնության համար»,-ասաց նա:
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 25-ին:

ՀԱՅՏՆԻ Է՝ ՈՎ ԿՓՈԽԱՐԻՆԻ
Հունիսի 17-ին Ֆրանսիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրում հաղթել է Ավստրիայի հավաքականին։ Խաղի վերջում ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն կոտրել է քիթը եւ հոսպիտալացվել։
Ըստ ֆրանսիական L’Equipe հրատարակության, Նիդերլանդների հետ 2-րդ տուրի հանդիպման համար ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դաշտի կենտրոնում խաղադաշտ դուրս կբերի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին Ն’Գոլո Կանտեի հետ միասին, իսկ Արդիեն Ռաբյոն, առաջին հանդիպմանն անցկացրեց կենտրոնում, Մբապեի փոխարեն կխաղա ձախ եզրային գրոհների վրա:
Թիմերի միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 21-ին «Ռեդ Բուլ Արենա», «Սենտրալշտադիոն» (Լայպցիգ) մարզադաշտում եւ կմեկնարկի ժամը 23:00-ին:




Լրահոս