ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ԱՐԺԵՔԸ՝ 300 ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վարդենուտ գյուղի բնակիչները բողոքում էին ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերակա շահ ճանաչելու դեմ, որոնք պետք է օգտագործվեն «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման` «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման համար։ Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին։
Հարկ է նշել, որ կառավարությունը հանրային գերակա շահի վերաբերյալ որոշում է կայացրել 113 հա տարածքի վերաբերյալ։
Ըստ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՝ պատճառը բնակիչների եւ «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունն է։ Բանն այն է, որ իշխանության կողմից մեկ տարի առաջ հաստատված ծրագրի շրջանակում ծրագրի իրականացման տարածքում համայնքի բնակիչներին պատկանող հողի գնահատված արժեքը 270-ից 300 դրամ է կազմել։ Այսինքն՝ հայրենի հողի մեկ քառակուսի մետրն արժե 300 դրամ։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի պնդմամբ՝ քաղաքացիների պահանջը ֆինանսական է՝ շատ գումար. իսկ որոշ մասը իր հողամասը վաճառել պարզապես չի ցանկանում։
Գրեթե 113 հեկտար հողային տարածքի վրա կառուցվող «Արագած» ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 190 մլն դոլար։
Այս գումարների միջոցով կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ՝ ըստ նախագծի:
Նշենք, որ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՌԻԴ» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին: Ռուբեն Գրիգորյանը հայտնի ներդնող է Հայաստանում, նա անգամ ֆինանսավորել է Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությանը:
Կադաստրի կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչպես է որոշվել հողերի կադաստրային արժեքը: Խնդրեցին հարցում ուղարկել, քանի որ տարբեր բանաձեւեր կան հողերի կադաստրային հարցերի որոշման համար։
Քաղաքացիների կողմից Երեւան-Ապարան մայրուղու փակվելուց, ապա բացվելուց ժամեր անց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ այս խնդրի մասին բարձրաձայնել է դեռ դեռեւս ամիսներ առաջ. «Այս խնդրին անդրադարձել եմ փետրվարին՝ հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։ Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, եւ այդ հարցով կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը»:
Ստացվում է, որ երկրի ղեկավարն անգամ տեղյակ չէ երկրի հողի արժեքից եւ դրա սահմանման կարգից, պարզապես ծրագրեր է հաստատում եւ միլիոններ է դուրս գրում պետբյուջեից, սակայն ինչպես դրանք կօգտագործվեն, մեղմ ասած, նրան չեն հետաքրքրում. միեւնույնն է՝ նա Իլհամ Ալիեւի պահանջով հեշտությամբ հողերը հանձնում է:

Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից: Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել: Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին: Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել: Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական: Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի: Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել: Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել:

Ծանոթանում ենք Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ գործող պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Բազիկյանի եկամուտներին։ Համաձայն նրա իսկ բառացի հայտարարագրածի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալը «բերքը իրացրել է շուկայում»։ Եթե այս կարեւորագույն համակարգի 2-րդ պաշտոնյան ժամանակ ունի բերք ցանելու, հնձելու, դեռ մի բան էլ շուկայում իրացնելու, առաջանում է հաջորդ հարցը, իսկ Բազիկյանը օրվա ո՞ր հատվածում է հասցրել աշխատել` իրականացնել պետական վերահսկողություն, որի համար ստացել է հարկատուներիցս գոյացած 14 միլիոն դրամը։

Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը կգնա մինչեւ վերջ ու կալանավորման հարցը կտանի Վճռաբեկ դատարան։ Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց դատախազության բողոքը՝ Հրաչյա Ղեւոնդյանի կալանավորման մասով։ Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը եւս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային: Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։ Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, ՔԿ-ն պնդում է, թե տեսանյութի խոսքերի հեղինակը Հրաչյա Ղեւոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաեւ հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղեւոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որեւէ մտադրություն չի ունեցել:




Լրահոս