Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը եւ ԱԱԾ նախկին աշխատակից կալանավորված են.
Այս տարվա մարտի 26-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին կալանավորել են:
ՀՀ քննչական կոմիտեից նշել էին, որ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։
Օրերս ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց խարդախության գործով, որի պարագլուխը եղել է ԱԱԾ նախկին աշխատակից:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի 32-ամյա բնակիչը 2022թ. ստեղծել է հանցավոր կազմակերպություն: Խմբի գործողությունները հաջողությամբ քողարկելու եւ դրա բացահայտումն անհնարին դարձնելու նպատակով 32-ամյա տղամարդը նրանց հետ կապն ապահովել է համացանցային տարբեր հավելվածների միջոցով, հանցավոր կազմակերպության մասնակիցներին տվել է երաշխիքներ եւ խորհուրդներ՝ իրենց կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմների վերաբերյալ:
Ըստ նախաքննական մարմնի՝ 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում՝ դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:
Այնուհետեւ, հանցավոր կազմակերպության անդամները, առանձին դեպքերում տեղեկանալով թիրախավորված բնակարանների սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կտակի առկայության մասին, այդ անշարժ գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, կեղծ լիազորագրերի հիման վրա հանդես են եկել որպես տուժողների ներկայացուցիչներ եւ իրավասու մարմիններ ներկայացնելով այդ կեղծ փաստաթղթերը` նրանց անունից կատարել են սեփականության գրանցման եւ գույքի օտարման գործարքներ։
Մեկ դեպքում, մասնավորապես, դատավորի օգնականի օժանդակությամբ, (նախաքննական մարմինը օգնականի անունը չէր նշել, սակայն խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականի մասին է) հանցավոր խմբի անդամներն անշարժ գույքի իրական ժառանգներ հանդիսացող անձանց կողմից, իբրեւ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ նոտարական վավերացմամբ կեղծ դիմումի հիման վրա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել են փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատման պահանջի մասին դիմում՝ որպես ապացույց ներկայացնելով նաեւ համայնքապետարանի կոմունալ վարչության պետի անվամբ կազմված եւ հաստատված կոմունալ վճարումներն իբրեւ կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հափշտակությունների հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52.162.500 ՀՀ դրամի վնաս:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:
ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՀՐԱՀԱՆԳԻՆ
Հունիսի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որն Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կա՛նգ առ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո՝ Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Իրավապահները պարզել են, որ «Nissan»-ը վարել է Երեւանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, որը նախ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրան այնուհետեւ տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ այնտեղից էլ նրան ներկայացրել էին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:
Դեպքի վայրում լրացուցիչ զննության արդյունքում իրավապահները հայտնաբերել էին 3-րդ կրակված պարկուճը: Քննիչի հանձնարարականով՝ վթարված «Nissan»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում եւ կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։
Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց էր արձակվել «Nissan Teana»-ի առջեւի ձախ անվադողի վրա, իսկ երբ «Nissan»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային, ավտոմեքենայի անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։
Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ 2 ԵՂԲԱՅՐՆԵՐԻ
Հունիսի 23-ին Սարի թաղի 3-րդ փողոցում թեժ վիճաբանություն է եղել, երկու եղբայրների են դանակահարել։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիվանդանոց են տեղափոխվել 20 տարեկան Ն.Մ.-ն եւ 25-ամյա Է.Մ-ն։
Նույն օրը վերոնշյալ փողոցում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է «Մերսեդես»-ին, որից հետո՝ վիճաբանության ժամանակ, երկու եղբայրների դանակի հարվածներ են հասցրել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ, նրա ինքնությունը հայտնի է։ Իրավապահները պարզել են, որ Ն. եւ Է.Մ.-երը եղբայրներ են, Ն.Մ.-ի վնասվածքը մեջքի հատվածում է, իսկ Է.Մ.-ինը՝ ոտքի։ Բժիշկները եղբայրների վիճակները բավարար են գնահատել։
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Հունիսի 12-ին՝ Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ոստիկանությունն անհամաչափ ուժ, բռնություն էր կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետեւանքով շուրջ 101 անձ ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետեւանքով կորցրել էր դաստակը։ Տուժել էին նաեւ շուրջ մեկ տասնյակ լրագրողներ եւ օպերատորներ, վնասվել էր ԶԼՄ-ներին պատկանող գույքը, առերեւույթ թիրախավորված բռնության էր ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափությանն առնչվող քրեական վարույթին։
«Ա. Գասպարյանը ճանաչվել է տուժող եւ նրա հետ կատարվել է համապատասխան քննչական գործողություն», – ասել է Աբրահամյանը։
ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցից կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 61-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ ժամը 15:55-ի սահմաններում Կասյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու նույն փողոցի բնակիչ 71-ամյա տղամարդը, որի ընթացքում էլ 71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարեւանին:
Հետագա միջոցառումներով 71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 2:18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 61-ամյա տղամարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: