ArmLur.am-ը ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հետ։
-Պարո՛ն Զեյնալյան, գիտենք, որ չորս քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը առաջարկում են հանրաքվեի դնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը։ Ձեր դիտարկմամբ սա ի՞նչ հեռանկար ունի, ընդ որում՝ ժամանակ են հատկացրել՝ 3-4 ամսում որոշել. այս պայմաններում Դուք ինչպե՞ս եք այդ գործընթացը պատկերացնում, մեր հասարակությունը, քաղաքական դաշտը պատրա՞ստ են արդյոք ԵՄ անդամակցությանը։
-Հասարակական հարցումները վկայում են, որ մեր հասարակությունը տրամադրված է դեպի Եվրամիություն, եւ Եվրամիությանը անդամակցելուն։ Մենք կարծում ենք, որ սա անվտանգային խնդիր է նաեւ լուծում Հայաստանի համար, նաեւ անդամակցության միջոցով կտեսնենք, թե իրական պատկերն ինչպիսին է։ Մեր առաջարկությունը սրա վերաբերյալ է՝ օգնելու Հայաստանին բարձրացնել Հայաստանի անվտանգությունը. նպատակը սա է եւ ժողովրդի իրական տրամադրությունները պարզելը։
-Ինչպես ասացիք՝ «կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը». ի՞նչ միջոցներով սակայն Եվրամիությանն անդամակցելը մեզ նոր անվտանգային երաշխիքներ կտա, այն դեպքում, երբ տեսնում ենք, որ մինչեւ օրս հայտարարություններ են հնչում տարբեր հարթակներից, բայց այդ ամենը Ադրբեջանին չեն զսպում։
-Ես համաձայն չեմ, թե Ադրբեջանին չեն զսպում։ Ադրբեջանին, ճիշտ հակառակը, զսպում են. Եվրամիության դիտորդները իրենց բավականին լուրջ ներդրումն են ունեցել Հայաստանի անվտանգության հարցում։
-Բայց մինչեւ օրս էլ տեսնում ենք՝ Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, ինչպե՞ս էապա սաստում։
-Եվրադիտորդների՝ Հայաստանի սահմանների դիտարկելուց ի վեր՝ էապես նվազել են սադրանքները եւ, երբ լինում են միջադեպեր, Եվրադիտորդները իրենց դիրքորոշումը հայտնում են, ու դա շատ ավելի հեղինակավոր է միջազգային ատյանների համար, որպեսզի նրանք միջամտեն, կամ որի հետեւանքով նաեւ զսպեն Ադրբեջանի ախորժակը։
-Պարո՛ն Զեյնալյան, քաղաքական անցուդարձում արդեն շուրջ 2 ամիս է ընդդիմադիր շարժում է ձեւավորվել՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, հանրահավաքներ, խաղաղ անհնազանդության ակցիաներ են անցկացվում, Ձեր կուսակցությունն այն դիրքորոշումն ունի, որ շարժումը ուղղորդվում է «ռուսական կողմից» (այդպես են կարծում կուսակցության Ձեր գործընկերները), Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, եւ որտեղի՞ց կան փաստեր, որ առկա է ռուսական միջամտություն։
-Դա մեր վերլուծությունն է, եւ մեր կուսակցության համոզմունքը, թեպետ ոչ միայն մեր կուսակցության։ Բազմիցս եղել են Ռուսաստանից ազդակներ դրա վերաբերյալ, եւ այն, ինչ իրականացվում է, ձեռնտու է Ռուսաստանին։ Ես ասել եմ, որ սա «Մեղրիի միջանցքի մասին» է, ոչ թե «Տավուշի…», իրականությունը այլ է։
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ
Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Արցախի Հանրապետության գերեվարված առաջնորդներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը:
Այցի հետ կապված այլ մանրամասներ չեն նշվում:
Նշենք, որ այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները եւ հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։
ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԼՂ նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են, եւ դրանք առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։ Խոսքը 15 գործի մասին է։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափման ժամանակ, ապօրինաբար ձերբակալվել եւ Բաքու են տեղափոխվել, ապա կալանավորվել ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը:
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հաղորդումներ է ներկայացրել ՀՀ դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Հաղորդում ներկայացնելու դրդապատճառը 2024 թվականի հունիսի 12-ին կատարված իրադարձություներն են։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկներում «Տավուշի հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հանրահավաք էր իրականացնում, ինչի ժամանակ էլ ոստիկանների կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակներ։
«Միասին» շարժումն անհրաժեշտ է համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ըստ շարժման համակարգող խորհրդի՝ ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն եւ համարժեք պատժի արժանանան։
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈԿՈՐԴԻՆ Է ՄՆԱԼՈՒ»
Իր ֆեյսբուքյան էջում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Յուրաքանչյուր նիստ ոչ միայն հերթական արձանագրումն է այն բանի, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական գործ է, այլ ամրագրումն է այն պարզ ճշմարտության, որ Արմենի՝ բանտում գտնվելը բացառապես իշխանության չստացված քաղաքական հաշվարկի հետեւանքն է:
Արմենը պայքարել ու պայքարում է ոչ թե իր ազատության, այլ այս իրավիճակի արմատական փոփոխության, շատ-շատ այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, ովքեր իշխանությանն այս կամ այն կերպ քաղաքական, քաղաքացիական դիմադրություն են ցուցաբերել ու հայտնվել թիրախում»:
ԲԱՔՎԻ ՀԵԳՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն եւ ոչ բոլոր տարածքներն են ներառում», – հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության՝ ANAMA-ի ղեկավար Վուգար Սուլեյմանովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների տրամադրած փաթեթում ներառված են միայն ռազմական բախումների տարածքները։
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ։
Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երեւանն էլ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական եւ հեգնական էր. Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երեւանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: