ՑԱՆԿԱԼԻ Է՝ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին ԸկԸ-ին հայտնել է ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նրա խոսքով՝ վերջինների հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել՝ ընտանիքների հետ շփման համար։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ հասկանալու համար՝ ինչ վիճակում էին այնտեղ գտնվողները. «Կարմիր Խաչի միջազգային կոմիտենի ներկայացուցիչները որոշակի հանգամանքների մասին կոնֆիդենցիալ հիմունքներով տեղեկացնում են ընտանիքի անդամներին, որը ցավոք սրտի հրապարակման ենթակա չէ»:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ընտանիքի անդամները իրավունք ունեն իրենց անմիջական շփումների ընթացում ստացած տեղեկատվութունը հրապարակել, բայց սա էլ երբեմն բացասաբար է անդրադառնում անվտանգության վրա, ուստի այս փուլում ընտանիքի անդամները զերծ են մնում հրապարակայնորեն վերաբերմունքի, այնտեղ գտնվելու այլ հանգամանքերի մասին մեկնաբանություններ տալուց:
«Իհարկե այդ տեղեկատվությունը հավաքվում է, ամրագրվում է, բայց մասամբ օգտագործվում են դատական գործընթացներում ունեն ապացուցողական նշանակություն, անհրաժեշտ են այնտեղ պահվող հայերի իրավունքների պաշտպանության համար, ուստի, հենց այդ նկատառումներից ելնելով, ներկայացվում է: Այս հանգամանքներում, ցավոք սրտի, այդ տեղեկատվությունը բացահայտելի չէ», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարության մասին. Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել է Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների քրեական գործերի վերաբերյալ։
«Քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են եւ առաջիկայում կուղարկվեն դատարան։ 15 անձի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է։ Մեղադրյալները, փաստաբանները, տուժողները ներկայումս ծանոթանում են քրեական գործի նյութերին, ծանոթացման փուլն ավարտվելուց հետո՝ մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան», – ասել է նա։
ArmLur.am-ի հետ զրույցում Սիրանուշ Սահակյանը նաեւ հայտնել էր. «Նախաքննությունը ընթացքի մեջ է եղել, ընդամենը այս հաղորդագրությամբ նրանք ազդարարել են նախաքննության ավարտը, ինչը նշանակում է, որ մեր կողմից կանխատեսվող դատավարությունները կսկսվեն, կընթանան»:
Նրա խոսքով՝ մնում է հասկանալ՝ դատավարությունների անցկացման կարգը՝ դռնփակ, դռնբաց, հանրայնացման աստիճանը եւ մի շարք այլ հանգամանքներ:
«Հայկական կողմի դիրքորոշումը այն է, որ ի սկզբանե ազատությունից զրկելը եղել է ապօրինի, այդ դատավարությունները ցուցադրական են, թե՛ նախկին թե՛ ներկա ռազմագերիների առնչությամբ չեն պահպանվում արդար դատաքննության իրավունքի կարեւոր տարրերը, այստեղ մենք կարեւոր խախտումների հետ ենք գործ ունենալու եւ այդ դատավարությունների արդյունքները չեն կարող ընդունելի լինել միջազգայնորեն:
Սրան պետք է հավելենք նաեւ ընդհանուր դատական համակարգի ծայրահեղ վատ վիճակ է Ադրբեջանում, որը միջազգային կառույցների կողմից քննադատվում է քաղբանտարկյալներ ունենալու հարցով, բազմիցս արձանագրվել է հեռախոսային դատավարությունը եւ նախագահի վարչակազմում արդարադատություն իրականացնելու անթույլատրելի պրակտիկան, ուստի հայկական կողմը ընդամենը միջազգային մեխանիզմների գործարկմամբ պետք է նաեւ իրավական առումով չեզոքացնի դատական ակտերը»:
Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ զուգահետաբար պետք է աշխատանք տարվի, հիմնականում՝ դիվանագիտական եւ քաղաքական, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի նաեւ ապօրինաբար բանտարկության վերցրած հայերին:

ԱԼԽԱՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ծնված Ալխաս Ղազարյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին։
Ալխաս Ղազարյանը Վաղաշեն գյուղում հայտարարագրել է 12 անշարժ գույք՝ հողամաս՝ ձեռք բերված 1992 թվականին։ Ըստ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ պատգամավորը 2023 թվականին ձեռք է բերել եւս մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարանը գտնվում է Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որի արժեքը կազմել է 30 մլն 792 հազար դրամ։
Պատգամավոր Ալխաս Ղազարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 400 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 500 հազար դրամ։
ԱԺ ՔՊ-ական Ղազարյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 297 հազար դրամ, որից 10 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովից։
Տարեկան եկամտի 2 մլն դրամը կուտակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր եւ օրգանական քիմիայի ինստիտուտից, որի մի մասը աշխատանքի վարձատրություն է, մյուս մասը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Ալխաս Ղազարյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 35 մլն 607 հազար դրամ, որից 27 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ:
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարեւորության հարցում հետեւողական դիրքորոշմամբ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության զարգացման հարցերի:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԻ ՄԵՋԼԻՍԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Թուրալ Գյանջալիեւը հայտնել է, որ «Ֆրանսիան իր ագրեսիվ քաղաքականությունը հասցնում է մինչեւ Հարավային Կովկաս»։
«Պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը մահացու զենքով՝ լուրջ սպառնալիք է ստեղծում. «Հարավային Կովկասում մենք խաղաղություն ենք ստեղծել։ Մեզ համար գլխավորն այն է, որպեսզի Հարավային Կովկասը չդառնա մարտադաշտ։
Ցավոք, Մակրոնը, որն այսօր իրեն Նապոլեոն է կարծում, ցանկանում է իր խաղերը խաղալ եւ դա անել Հարավային Կովկասում։ Մակրոնի, Ֆրանսիայի այդ քայլը քայլ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ աշխարհի դեմ։ Ֆրանսիան պետք է կանխի մարդու իրավունքների խախտումներն այն երկրներում, որոնք նա պահում է օկուպացիայի տակ», – մեջբերել է պարբերականը պատգամավորից։

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՋԱՆՔԵՐ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային մի շարք զարգացումների: Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ ջանքեր է գործադրում՝ լուծելու երկրների միջեւ առկա խնդիրները:
Նա մեկնաբանել է Գազայի հատվածի շուրջ իրավիճակը: Միլլերի խոսքով՝ ամերիկյան կողմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը: «Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ Իսրայելը ապահով եւ իրատեսական ծրագիր ունենա՝ ինչպիսին պետք է լինի հետկոնֆլիկտային շրջանը», – նշել է պաշտոնյան, ընդգծել հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը:
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: «Սակայն հարկավոր է մտածել՝ հետագայում ով պետք է փոխարինի նրանց: Հավատացած ենք, որ ղեկավարությունը պետք է անցնի պաղեստինցիներին», – ասել է Պետքարտուղարության խոսնակը:

ԹՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Քաղաքների եւ նահանգների միջեւ համագործակցության հարցերով ԱՄՆ պետքատուղարության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիգյանը X-ի իր միկրոբլոգում կիսել է տպավորությունները Սյունիք կատարած այցից:
«Նախքան տուն գնալը ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ Հայաստանի հարավում: Իսկապես անհավանական վայր է: Պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ եւ բնության գեղեցկությունը հիացրել են ինձ։
Սյունիքի բնական գեղեցկությունն ապշեցուցիչ է, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է: Հայերն ու նրանց նախնիներն այստեղ են ապրում հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ։ Թող խաղաղությունը շարունակվի գալիք հազարամյակների ընթացքում:
Ինչպես Հայաստանում ամենուրեք, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն էր, որն ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին: Որոշ կառույցներ, որոնք մենք տեսանք, վերաբերում են մեր թվարկության 400-ականներին: Ճոպանուղով անհավանական երկար ճանապարհ անցանք, որպեսզի հասնենք դրանցից մեկին՝ Տաթեւի վանական համալիրին»,- գրել է հայազգի ամերիկացի պաշտոնյան։
Նա անդրադարձել է նաեւ Գորիս կատարած այցին: «Գորիսը գեղեցիկ քաղաք է: Լեռնային Ղարաբաղի/Արցախի ռազմական գրավումից փախած ավելի քան 100.000 հայերից շատերն առաջինը հանգրվանել են հենց այս քաղաքում: Այդ հողի դատարկումը, որտեղ հայերն ապրել են հազարամյակներ, դեռ թարմ, ողբերգական հիշողություն է շատերի համար»,- նշել է Նինա Խաչիգյանը:




Լրահոս