ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել։

Վերջիններս պահանջում էին ՀՀ ՆԳ նախարարից «վերադարձնել» Չարենցավանի անձնագրային բաժինը, ինչը օրերս փակել են։ Ըստ նրանց՝ փակման պատճառով ստիպված հասնում են Հրազդանի անձնագրային բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ Գեւորգ Հակոբյանը, խոսելով այս թեմայի մասին, ասաց, որ ակցիայի վայրում ակցիայի բնակիչներից շատ բերվել են ոստիկաններ, որոնք վախեցնում էին տեղի բնակիչներին։
«Մենք ակցիա էինք նախատեսել, խաղաղ ակցիա։ Դե մենք իրավունք ունենք ճանապարհը սահմանված ժամկետում փակելու, ասենք 5 րոպե, 10 րոպե, օրենքով նախատեսում են։ Մեզանից շատ ոստիկաններ բերեցին «լցրեցին» այդտեղ, ոստիկանները բոլորին վախեցնում էին, անգամ՝ կանանց ու տարեց մարդկանց, ասում էին՝ հանկարծ մայթը չանցնեք՝ վարչական տուգանք կգրենք ձեզ վրա։ Ոստիկանապետն իրեն վատ, շատ կոպիտ պահեց։ Համենայնդեպս, մենք մեր ակցիան կատարեցինք, ոնց պետք էր արեցինք», – ասաց Գեւորգ Հակոբյանը։
Գեւորգ Հակոբյանի խոսքով՝ ակցիայից հետո տեղի բնակիչներով համապատասխան պաստառներ են փակցրել, սակայն գիշերը նկատել են, որ փակցված պաստառները հեռացվել են։ Վերջինիս խոսքով՝ դրանք տարել են ոստիկանները։
«Ակցիայից հետո մենք մեր պաստառները փակցրինք համապատասխան վայրերում, բայց գիշերը իրենք պոկել տարել են, ինձ այդպես է թվում։ Մենք դժգոհ ենք։ Ոստիկանները խանգարել են մեր ակցիան, առանց որեւիցե լուրջ հիմքերի՝ մարդկանց վրա ճնշում են գործադրել, որպեսզի մեքենաներից չիջնեն ու գան միանան մեզ։ Մոտ 60-ից ավել ոստիկան կար, միայն դա հերիք էր, որ ճնշող լիներ մթնոլորտը։ Մենք ուզում էինք ճանապարհով երթ անել, չթողեցին սակայն, հրում, հանում էին մայթերի վրա։ Մենք մեր պաստառները փակցրել ենք կամրջի վրա՝ աջ ու ձախ կողմերում, գիշերը ժամը 12-ին տեսել ենք, որ չկան պաստառները, ու մենք ենթադրում ենք, որ հենց իրենք են պոկել, ոչ մի չարենցավանցի իրեն թույլ չէր տա պոկել, ընդհակառակը՝ ամբողջ բնակչությունը մեր կողմից է։ Մենք մեր պլակատները պահանջելու ենք», – ասաց բնակիչը։
Չարենցավանի բնակիչ Գեւորգ Հակոբյանը նաեւ նշեց, որ ոստիկանապետն իրենց ասել է՝ կապվեն իրենց վերադասի հետ։
«Ոստիկանապետը մեզ ասել է կապվենք մեր վերադասի հետ, իրենց մենք առաջարկում ենք՝ այս շաբաթվա մեջ 1 օր գան Չարենցավանի համայնքապետարան տարբեր ուժերի հետ՝ համայնքապետի, ավագանու անդամների հետ, որ ընդհանուր լեզու գտնենք, համաձայնության գանք, եւ մեզ ասել են, որ գրավոր գրենք, մենք էլ որոշեցինք գրավոր ձեւով մասսայական մի 10.000-ից ավել ստորագրություն հավաքել կարճ ժամանակում ու այդպես խոսենք իրենց հետ», – նշեց Գեւորգ Հակոբյանը։
Գեւորգ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համայնքապետարանը այս խնդրով զբաղվե՞լ է, ինչին Հակոբյանը պատասխանեց. «Ավագանին 26-27 հոգով իր հերթին ոստիկանապետին ուղերձ էր հղել, որ քաղաքի շահերից չի բխում դա, վերանայեք ձեր որոշումը կամ ամեն բան չեղարկեք, բայց անկապ պատասխան է տրվել։ Եթե իրենք վախենում են մեր պաստառներից, Վահե Ղազարյանից պահանջում ենք, որ մեր անձնագրային բաժինը հետ բերի, եթե դա է իրենց վախեցրել, որ պաստառները գողացել են. մենք ուրիշ կերպով կփակցնենք մեր պաստառները, օրինակ՝ վերելակներում, հիմնարկներում, շենքերում։ Տարաբնույթ ակցիաներ ենք անելու։ Այս շաբաթ էլ իրավաբանի հետ խորհրդակցելու ենք, որ ստորագրահավաքի տեքստը կազմենք, կնստենք մեր քաղաքի կենտրոնում ու ստորագրություններ կհավաքենք՝ ուղղված Վահե Ղազարյանին»։
Չարենցավանի բնակիչը վերջում հավելեց, որ ինչ-որ բան չստացվելու դեպքում՝ տեղի ժողովուրդը կհասկանա, թե հաջորդ ընտրությունների ժամանակ ում է ձայն տալու։

ՍՊՐԻՆՏ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Համագործակցելով Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ՝ Թումո լաբերը ներկայացնում է 5-շաբաթյա DemTech սպրինտ, որը կենտրոնանում է ժողովրդավարության շուրջ տեխնոլոգիական լուծումների վրա: Հաղթող երեք թիմերը կստանան 1,250,000 ՀՀ դրամի մրցանակ:

Ծրագիրը կսկսվի ծանոթացմամբ 2024 թվականի հուլիսի 18-ին եւ կշարունակվի սպրինտով (հուլիսի 19 – օգոստոսի 22), որին կհաջորդի դեմո օրը օգոստոսի 23-ին, որի ժամանակ կընտրվեն հաղթող երեք թիմերը:
Սպրինտի ընթացքում մարդկային իրավունքների փորձագետները կներկայացնեն հասարակության մեջ ժողովրդավարությանը սպառնացող վտանգների օրինակներ, եւ ծրագրի մասնակիցները կստեղծեն տեխնոլոգիական լուծումներ այս խնդիրների համար: Մասնակիցները նաեւ կունենան UI/UX դասընթացներ` իրենց հմտությունները զարգացնելու համար:
Մասնակիցները նաեւ կհմտանան իրենց գաղափարները ներկայացնելու գործում, կմասնակցեն UI/UX, ինչպես նաեւ տեխնոլոգիական աշխատարանների: Ժյուրին կգնահատի եւ կորոշի, թե որոնք են հաղթող տեխնոլոգիական լուծումները:
Առաջին տեղի հաղթողները կստանան 600,000 ՀՀ դրամ, երկրորդը` 400,000, իսկ երրորդը` 250,000:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կունենան տարբեր աշխատարաններ եւ քննարկումներ, որոնց ընթացքում մարդկային իրավունքների, ժողովրդավարության, տեխնոլոգիաների եւ UI/UX ոլորտների մասնագետները կկիսեն իրենց գիտելիքներն ու փորձառությունները: Մասնակիցները կսովորեն, թե ինչպես միավորել ժողովրդավարությունն ու տեխնոլոգիաները եւ ստեղծել լուծումներ, որոնք կաջակցեն ժողովրդավարական պրակտիկներին: Մասնակիցները կսկսեն մշակել եւ կիրառել իրենց գաղափարները:
Ծրագրի մասնակիցները կարող են իրականացնել իրենց գաղափարները սպրինտից հետո:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած եւ 18 տարեկանից բարձր անձինք
Դիմորդներ, որոնք տիրապեռում են անգլերենին (միջին մակարդակ)
Մասնակիցները կարող են դիմել անհատապես կամ որպես թիմ:

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ՝ ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2023 թվականին պետական բյուջեից պարգեւատրվել են 71 միլիոն 960 հազար դրամի չափով։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե 2024 թ. հունիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետբյուջեից ընդհանուր առմամբ որքա՞ն պարգեւավճար են ստացել։ Մարզպետարանից պատասխանել են. «2024 թվականի հունիսի 15-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի թվով 68 աշխատակիցներ ստացել են 32075.2 հազար դրամի պարգեւատրում»: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ մարզպետարանի պաշտոնյաները թերանում են իրենց աշխատանքում, մասնավորապես, մարզպետարանում չգիտեն, թե մարզպետարանի ենթակայությամբ գործող Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով քանի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, անտեղյակ են թե Տավուշում վթարային քանի տուն, բազմաբնակարան շենք կա, շուրջ 3 տարի է, ինչ մարզպետարանը չի լուծում սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի շենքի վերանորոգման կամ բուժկետն այլ տարածք տեղափոխելու խնդիրը։ Տավուշի մարզպետարանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին պարտադրել է, որ նրանք դասղեկների միջոցով աշակերտներին պարտադրաբար ծախեն «Մադագասկար» շրջիկ կրկեսի տոմսերը, ինչը հարուցել է սոցիալապես անապահով ծնողների բողոքը։ Մարզպետարանի պաշտոնյաները թերացել են իրենց աշխատանքում, սակայն վատ աշխատանքի համար պետական բյուջեից պարգեւատրվել են ավելի քան 32 միլիոն դրամի չափով, այն դեպքում, երբ այս տարին դեռ չի էլ կիսվել։

ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով՝ մայիսի 26-ի ջրհեղեղից որքա՞ն նյութական վնաս է պատճառվել Տավուշի մարզին, դրանցից որքա՞նը՝ մասնավոր սեկտորին, որքա՞նը՝ համայնքներին, որքա՞նը՝ պետական հատվածին։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Մայիսի 26-ի ջրհեղեղի նյութական վնասները գույքագրված են, բայց արձանագված չեն մասնավորի, համայնքի եւ պետական հատվածների վնասների չափը»: Տավուշի մարզպետը, փաստորեն, խուսափել է պատասխանել հարցին, թե մայիսի 26-ի ջրհեղեղից որքա՞ն նյութական վնաս է պատճառվել Տավուշի մարզին, նշելով միայն, որ արձանագրված չեն մասնավորի, համայնքի եւ պետական հատվածների վնասների չափը։ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը իր սանիկ Նիկոլ Փաշինյանից «դաս» է առել՝ հարցին պատսախանելիս մանիպուլյացիայի դիմելու, հարցապնդմանը ըստ էության չպատասխանելու առումով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս