ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը եւ մրցույթի փորձագետներ:
«Այս ձեւաչափով հանդիպում առաջին անգամ ենք անցկացնում «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրվող համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ նախկին փորձը ցույց է տվել, որ շատ հաճախ ոչ լիարժեք, մրցույթի նպատակներից չբխող հայտեր ներկայացնելու կամ մրցույթի մասին ոչ ամբողջական պատկերացում կազմելու պատճառով համայնքները դուրս են մնացել մրցակցությունից։ Այս հանդիպման նպատակն է աջակցել շահառու համայնքներին՝ ներկայացնելու բովանդակային, իրենց համայնքի երիտասարդության կարիքներից բխող ծրագիր, բացառելու մրցույթի ընթացակարգի վերաբերյալ տարընկալումները, օգտական խորհուրդներ տալ փորձագիտական այցի կազմակերպմանն ընդառաջ»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը:
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ներկայացրել է իրենց փորձը՝ ընդգծելով, որ երիտասարդական ոլորտի համար համայնքի բյուջեում առանձին տող է հատկացված, համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված են երիտասարդներ՝ տարբեր բնագավառներում, երիտասարդական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են բյուջեի մշակմանը:
«Կարեւոր է ոչ միայն նվաճել «երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը, այլեւ պահպանել այդ նշաձողը եւ հնարավորինս հանրահռչակել համայնքը նաեւ միջազգային հանրության համար: Մենք պատրաստ ենք համագործակցել եւ մեր փորձը փոխանցել յուրաքանչյուր համայնքի, որը կարիքը կունենա»,- ասել է Գրիգոր Դաշտոյանը եւ մյուս համայնքների ներկայացուցիչներին հրավիրել 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառ՝ մասնակցելու առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
Նախկին տարիներին մրցույթի շրջանակում որպես փորձագետ հանդես եկած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ավագ դասախոս Արմեն Պետրոսյանը եւ «GaragErasmus4Yerevan» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Հարությունյանը խորհուրդ են տվել փորձագիտական այցելությունների ժամանակ ճիշտ ներկայացնել համայնքի երիտասարդական ներուժը եւ այն կրթական, սոցիալական միջավայրը, որտեղ գործունեություն են ծավալում երիտասարդները, փորձագետների հետ հանդիպումների ժամանակ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին, ապահովել ծրագրի ներառականությունը, աշխատել թիմային, քանի որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը կրելը միայն սիմվոլիկ բնույթ չի կրում, այլ պահանջում է ամենօրյա շարունակական աշխատանք:
Վերոնիկա Խորասանյանը ներկաներին սահիկաշարի միջոցով ներկայացրել է մրցույթի կարգը, իրավական հիմքերը, նպատակը, իրականացման ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, արդյունքների ամփոփումը: Առանձին կետերով անդրադարձ է եղել նաեւ հայտի փաթեթին, ուշադրության արժանի դետալներին եւ այլն:
Համայնքների ներկայացուցիչներն ուղղել են իրենց հարցերը, որոնք վերաբերել են համայնքի եւ երիտասարդական կազմակերպությունների համագործակցության սահմանափակումներին, համայնքի ֆինանսական աջակցությանը, համահայտատու կազմակերպությունների իրավական ձեւերին, երիտասարդական մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի բնույթին եւ այլն:

ՈՎ Է ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է:

21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What is Good»-ը եւ այլն։
2000-ին մեծ էկրան է բարձրացել Թարսեմի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ գովել են հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։
«Բջիջ»-ից ի վեր Սինգհը հեղինակել է եւս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինը՝ «Սիրելի Ջասի» դրաման, համաշխարհային պրեմիերա է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Platform» մրցանակին, իսկ երեւանյան պրեմիերա կունենա «Ոսկե ծիրան» 2024-ի օրերին։
Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕԽ-ԻՆ
ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ԼՈՂՈՐԴ
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է եւս երկու մարզիկով:
Ինչպես հայտնում է Հայաստանի լողի ֆեդերացիան, Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք են ստացել ամենաբարձր վարկանիշ ունեցող Հայաստանի երկու ներկայացուցիչները` Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք խաղերին կմասնակցեն «սպիտակ քարտ»-ով: Թե՛ Բարսեղյանը, թե՛ Մանուչարյանը մասնակցել են Տոկիոյի ամառային խաղերին եւս:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 12 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը,Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐ
Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին հավաքականի հետ եւ հաղթեց 2,5:1,5 հաշվով։
Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ-ոքի խաղաց Էրիկ Գասպարյանը։ Պարտություն կրեց Արսեն Դավթյանը։
Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։ Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։ Երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի թիմին։

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին։
«Կիլիանի առողջական վիճակը օր-օրի ավելի է բարելավվում: Այտուցը գրեթե անցել է եւ նա սկսել է հարմարվել պաշտպանիչ դիմակին։ Նա շնչառության հետ կապված խնդիրներ չունի, բայց տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Որոշ իրավիճակներում դիմակը սահմանափակում է դիտման անկյունը: Դրա պատճառով նա կարող է խաղային որոշ դրվագներից կտրվել», – Դեշամի խոսքերն է փոխանցում L’ լquipe-ը։
Հիշեցնենք, որ Մբապեն կոտրել էր քիթը Եվրո-2024-ի Ավստրիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (1:0): Վնասվածքի պատճառով 25-ամյա հարձակվողը բաց թողեց երկրորդ տուրի՝ Նիդեռլանդների դեմ խաղը (0։0):




Լրահոս