ArmLur.am-ի տաղավար հյուրընկալվել է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման անդամ Արա Պապյանը։
Արա Պապյանի հետ քննարկել ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջիկա քայլերը՝ հասկանալու համար՝ ի՞նչ դերակատարում է ունեցել ԱԺԲ-ն։
-Պարո՛ն Պապյան, ինչպես գիտենք՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռը» նույնպես մասնակցում է Բագրատ սրբազանի գլխավորությամբ տեղի ունեցող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, այս շարժումից ի՞նչ սպասելիքներ ունեք, քանի որ շատերի պնդմամբ շարժումը մարում է։
-Շարժումը չի մարում, պարզապես թեւակոխել է մեկ այլ փուլ, որը բնական է եւ շատ հաճախ է պատահում քաղաքական պայքարի մեջ։ Պիտի ասենք՝ առաջին փուլը համաժողովրդային- հրապարակային պայքար էր, որը կարեւոր էր, որը սկսվեց բնական եղանակով, այսինքն՝ տեղի համայնքները դեմ դուրս եկան անօրինական սահմանազատմանը, հետո դա տեղափոխվեց Երեւան, որովհետեւ խնդիրը համապետական է, եւ պահանջն էլ համապետական դրվեց՝ ներկա վարչապետի եւ վարչախմբի հրաժարական։ Դա իր զարգացումն ունեցավ, հիմա շարժումը թեւակոխում է Երեւանից այլ մարզերում տարածվելու, ինչպես նաեւ այս շարժման մասին իրականությունը տարբեր միջազգային կազմակերպություններին եւ տարբեր երկրներին հասցնելու, եւ ներկա վարչախմբի մասին իրականությունն ասելու փուլ, որովհետեւ ներկա վարչախումբը տարիներ շարունակ, ըստ էության, շահարկում է այն կեղծ թեզը, որ իբր ինքը ժողովրդավարական է, իբր ընտրված է, եւ եթե հեռանա, ապա գալու են մութ ուժեր, որոնց կոչում է «նախկիններ», եւ այդ ուժերը, իբրեւ թե, Եվրոպական, Արեւմտյան ուղղությանը դեմ են եւ այլն։ Մենք այդպես չենք կարծում, որովհետեւ ներկա վարչախումբը ինքնին կեղծ ժողովրդավարական է, եւ այն բռնաճնշումները, որոնց ենթարկվել ենք, դրա ապացույցն են. կեղծ արեւմտամետ է որովհետեւ գործնական որեւէ քայլ դեպի Արեւմուտք երբեք չի արել, ավելի շատ խոսքեր են, քան գործողություններ, եւ կեղծ ու անբարոյական է երկրի ներքին օրենսդրության եւ միջազգային իրավունքի առումով։
-Անդրադառնանք նաեւ այն թեմային, որ Սրբազան հայրը կիրակի օրն ասաց, որ այս ուրբաթ օրվանից` հունիսի 28-ից, այցելելու են Հայաստանի տարբեր մարզեր, Դուք եւս պատրաս՞տ եք սրբազանի հետ շրջելու մարզերով։
-Այո’, որովհետեւ պայքարի այդ ձեւը մենք որդեգրած ենք եղել տարիներ ի վեր, մշտապես այցելություններ ենք կատարել տարբեր մարզեր, եւ պիտի ասեմ, որ մեր նկատմամբ շատ ավելի խիստ եւ ոչ բարյացակամ են եղել։ Մեր վերջին այցը, օրինակ, Վանաձորում էր, փորձում էինք դահլիճ վարձել, կլիներ հանդիսությունների, կամ անգամ սգո սրահ, էական չէր, սակայն մեզ ոչ մի տեղ վարձու սրահ չտրամադրեցին, ովքեր էլ համաձայնում էին հետո տարբեր պատճառաբանություններով մերժում էին. մենք գիտեինք, որ արգելում են նրանց։ Հետեւաբար՝ պայքարի այդ ձեւը մեզ համար ընդունելի է, մենք մասնակցելու ենք եւ երեւի 2-3 մեքենայով կուղեկցենք Սրբազանին եւ աջակիցներին Երեւանից, բայց տեղերում, որ մարզ որ գնալու կլինենք, այնտեղ մեր համախոհների խմբերը եւս կմիանան, քանի որ մենք ունենք ընդհանուր նպատակ՝ այս իշխանությունների հեռացում, անցումային փուլ, ապա ազատ, անաչառ ընտրությունների կազմակերպում։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, որին միացել են եւս 47 օրենսդիրներ, հորդորում է առաջնահերթություն տալ Արցախում վտանգված հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին:
Հունիսի 24-ի նամակում կոնգրեսական Շիֆը եւ նրա գործընկերները գրում են. «2023թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո, արդեն իսկ կան ապացույցներ, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը նաեւ այս տարածաշրջանում եւ դրա շուրջը»: Օրենսդիրները ընդգծել են. «Մենք գրում ենք այս նամակը՝ արտահայտելու մեր խոր մտահոգությունը. պետքարտուղարությունը պետք է ավելին անի՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր բարձրաստիճան դիվանագետները հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ, անհասկանալի է՝ արդյոք այդ մտահոգությունները բարձրացվո՞ւմ են, եւ եթե բարձրացվում են, ապա դա արվում է համապատասխան լրջությա՞մբ, ինչին արժանի է այս խնդիրը»:
Նամակում նախ մատնանշվում է 1997-2011թթ. Նախիջեւանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացման փաստը, ինչպես նաեւ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (նաեւ հայտնի է որպես Կանաչ ժամ), ինչպես նաեւ մշակութային ժառանգության այլ կոթողների ավերումը: Ընդգծվում է՝ Ադրբեջանը հաճախ փորձում է քողարկել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը` այն անվանելով պատմական վայրերի «վերականգնում», ինչպես նաեւ ջնջելով հայկական ժառանգությունը՝ պնդելով, որ այդ հուշարձաններն ունեն «կովկասյան ալբանական» ծագում: Շուրջ 500 հայկական մշակութային ժառանգության հուշարձաններ վտանգի տակ են Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո, այդ թվում՝ աշխարհի հնագույն եկեղեցիներն ու վանքերը, որոնք թվագրվում են 4-րդ դարին, ինչպես նաեւ բարդ փորագրությամբ խաչքարեր, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արձանագրված են «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում։
Մեկնաբանելով հիշյալ նամակը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Չկա Ադրբեջանի ցեղասպանության մտադրության ավելի հստակ ապացույց, քան նրա համակարգված ջանքերը՝ ջնջելու հայկական քաղաքակրթության վերջին հետքն Արցախում, ճիշտ այնպես, ինչպես դա արեցին թուրքական իրարահաջորդ կառավարությունները Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք ողջունում ենք ներկայացուցիչ Շիֆի ջանքերը հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու գործում եւ գնահատում նրա շարունակական ջանքերը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործում»։
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին, նշել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ փոխընդունելի կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ ռազմագերիների, այդ թվում՝ ԼՂ ղեկավարների վերադարձի հարցն է։
Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է՝ ինչ մոտեցում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդրի առնչությամբ:
«Ակնհայտ է, որ անցած տարի բոլորիս մտահոգել էր Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի վտարումը։ Մենք մի շարք առաքելություններ ենք նախաձեռնել մասնավորապես Հայաստանում՝ ավելի շատ տեղեկություն ստանալու նրանց հետ կատարվածի մասին։ Մենք երկխոսում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ լուծումներ գտնելու համար։ Իհարկե, կա վերադարձի իրավունք, կա գույքը հարգելու եւ պաշտպանելու իրավունք: Իսկապես կարեւոր է, որ խաղաղության գործընթացը շարունակական լինի», – նշել է Տյուրկը։
ՉՊԵՏՔ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԼԻՆԻ
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չպետք է նախապայման լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շրջանակային համաձայնագիր կնքելու համար, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Ապագայում ինչ-որ պահի, այո՛, Սահմանադրությունն անհրաժեշտ կլինի փոխել, սակայն կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ Հայաստանում դա անելը հեշտ չէ։ Նման պայմանը կխոչընդոտի համաձայնագիր կնքելուն։ Եթե շրջանակային համաձայնագիրը հիմնվում է այն գաղափարի վրա, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոխել, ապա դա տեղի չի ունենա բազմաթիվ պատճառներով», – ասա նա։
Նախկին դեսպանի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին կարող է անդրադարձ արվել համաձայնագրում, որտեղ կարող է նշվել, որ կա Սահմանադրությունը փոխելու մտադրություն, որ Սահմանադրության փոփոխությունը կարող է տեղի ունենալ ապագայում։
«Սակայն այն փոխելու գաղափարը իրատեսական չէ», – հավելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։