2024 թվականի ապրիլից մեկնարկած «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են: Տավուշում տեղի ունեցած բախումների, հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղ ունեցած դեպքերի հետեւանքով մի խումբ քաղաքացիներ են հայտնվել իրավապահների տեսադաշտում եւ, ինչպես նկատում ենք, նախաքննական մարմինը պարբերաբար հայտարարություներ է տարածում շարժման մասնակիցների նկատմամբ քրեական վարույթներով:
Արդյունքում՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում այս պահի դրությամբ քանի անձի նկատմամբ է հարուցվել քրեական վարույթ եւ նրանցից քանիսն են կալանավորված:
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին. «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:
Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ… …Հիշյալ մեղադրյալներից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։
Հունիսի 12-ին Երեւան քաղաքի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հասարակական կարգի պաշտպանության եւ հատուկ պահպանվող տարածքների պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության եւ իրավաչափության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձեւավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում՝ նաեւ 8 լրագրողներ ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։
Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՍԿԵՍՐԱՅՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԿՈՄԻՏԵ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ Քննչական կոմիտե է հրավիրվել հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գործով հայտարարվեց նախաքննության ավարտ:
«ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի»:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ փետրվարի 16-ից, սակայն վերջերս ազատ արձակվեց:
Իսկ ինչ էր պարզել նախաքննական մարմինը: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որի մասով քրեկան գործը կարճվեց գործում զղջալու հիմքով: Նշենք որ գործով մեղադրյալ է նաեւ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է:
ՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ
Գրել էինք, որ ՔՊ-ական, «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ տնօրեն Դավիթ Մարգարյան ՀՈԱԿ-ում տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ փաստաթղթեր էր ներկայացրել: Արդյունքում՝ նախաքննական մարմինը ՔՊ անդամ Դավիթ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործել է փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու իրավասություն ունեցող կազմկերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող եւ պատասխանատվությունից ազատող կեղծ փաստաթղթեր։
Արդյունքում դատարանը Դավիթ Մարգարյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Դավիթ Մարգարյանից հօգուտ ՀՀ-ի պետական բյուջեի բռնագանձել փորձաքննության արժեք կազմող 738.000 (յոթ հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամը՝ որպես վարույթային ծախս:
Դավիթ Մարգարյանի դեմ հաղորդում է ներկայացրել ՔՊ սրտի իրավապաշտպան ՆԵՐՍԵՍ Խաչատրյանը:
ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ
2024 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է, իսկ ահա իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից քրեական պատասխանատվության է ենթարկում 2023 թվականի ամառային զորակոչից հրաժարված ժամկետային զինծառայողներին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրիկ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ճանաչվել է սահանափակումով պիտանի՝ զինվորական ծառայության համար, որից հետո ստացել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիրը, սակայն ծանուցագրում նշված օրը՝ 30.07.2023 թվականին չի ներկայացել ՀՀ ՊՆ ստորաբաժանում եւ խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից։
Աբրահամ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 30.05.2023 թվականին ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում կանգնել է զինվորական հաշվառման, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար եւ ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչին, որին ներկայացել է, ուղեգրվել բուժհաստատություններ, սակայն չի ներկայացել բուժհաստատություններ եւ խուսափել է հայտարարված՝ 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: