Ինչպես արդեն հայտնել էինք՝ Երեւանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանը» այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ից։
Փառատոնին հրավիրված են մի շարք հայտնի հյուրեր, որոնցից մեկը Քեւին Սփեյսին է, ով շատերի համոզմամբ՝ բոլոր ժամանակների լավագույն արտիստներից մեկն է։
Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:
Չնայած նրան, որ դերասանի Հայաստան գալու փաստի համար ուրախացել են շատ կինոմաններ, ֆիլմերով, այս փառատոնով հետաքրքրված շատ մարդիկ այդքան էլ հաշտ չեն այս փաստի հետ։
Դերասանի՝ Հայաստան գալու փաստի հետ համաձայն չլինելու պատճառներն ակնհայտ են։
Նշենք, որ դերասանը նկարահանվել է հայտնի «Թղթե տուն» Netflix սթրիմինգային նախագծով հեռարձակված հեռուստահաղորդումում։
Սկանդալները սկսվում են հենց այստեղից. բանն այն է, որ թատրոնի եւ կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսիին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար։ Մեղադրանքներից մեկը Սփեյսիին առաջադրել էր դերասան Էնթոնի Ռեփին, նշելով, որ հոլիվուդյան հայտնի դերասանն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել, երբ ինքը 14 տարեկան էր։
MRC կինոստուդիայի տվյալներով՝ սեռական սկանդալի պատճառով «Թղթե տուն» նախագծի թիմը նախ ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել վեցերորդ սեզոնի նկարահանումները, այնուհետ վերաշարադրել սցենարը եւ կրճատել էպիզոդների թիվը՝ 13-ից 8-ի։
Նման սկանդալները վերհիշելուց հետո՝ հայ կինսերները արդեն երկու մասի բաժանվեցին, որոնց մի մասն անհամբերությամբ է սպասում դերասանի ժամանելուն, իսկ մյուս մասը դերասանի գալը համարում է սեւ ՓիԱր, քանի որ անգլալեզու քննարկման հարթակներում դերասանը համարվում է «trigger»:
Անդրադառնալով դերասանի անցած ուղուն՝ պետք է նշել, որ նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկություն» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) եւ այլն:
Քեւին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դեւիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի եւ այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մորգան Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:
Նշենք նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին:
Նախագծի հեղինակներն էին «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն եւ Fastex-ի «AKNEYE»-ը:
Միջոցառմանը մասնակցում էին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի տնօրեն Էռնա Ռեւազովան, Վենետիկի Կա Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսության ներկայացուցիչները, բիենալեի կազմակերպչական թիմի անդամները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական պաշտոնական տաղավարի հանձնակատար Սվետլանա Սահակյանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել է «Սարյանն ու Վենետիկը» խորագրով տեսաֆիլմը, որում անդրադարձ է կատարվել 100 տարի առաջ՝ 1924 թվականին, Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի արվեստի միջազգային բիենալեում ներկայացված 6 հայ նկարիչների 20 ստեղծագործությունների պատմությանը:
AKNEYE նախագծի ստեղծագործական թիմն իր տաղավարում վերստեղծել էր հայկական պատը, ինչպես նաեւ Մարտիրոս Սարյանի հայտնի «Հայաստան» կտավը, որն աչքի վրա նկարել էր հայ նկարիչ Վիկտորիա Շահբազյանը:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»-ԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս եւ մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում տեղի ունեցող «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին:
Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ – բելառուսական մշակութային հարաբերությունները:
Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո եւ համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը եւ կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ 9-ամյա Յանա Ստեփանյանը:
«Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյան:
ԷԼԻՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է. WTA
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 7 կետով եւ զբաղեցնում է այժմ 81-րդ տեղը։ 21-ամյա մարզուհին ունի 831 միավոր։
Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 11695 միավոր)։
Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 8128), Արինա Սաբալենկան (Բելառուս, 7841), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6026) եւ Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5025)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
ԵՎՐՈ-2024-Ի ԸՆԹԱՑՔԸ
Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի նախավերջին խաղային օրվանից հետո հայտնի են դարձել այն 5 հավաքականները, որոնք կորցրել են փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը:
B խմբից պայքարը չի շարունակի Խորվաթիայի հավաքականը: Ի դեպ, ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիրն առայժմ երրորդ տեղ գրաված միակ հավաքականն է, որը զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգրից: C խմբում պայքարից դուրս է մնացել Սերբիայի հավաքականը, որը զբաղեցրել է վերջին՝ 4-րդ տեղը:
Մինչեւ այդ հաջորդ փուլում պայքարը շարունակելու հնարավորությունից զրկվել էին Լեհաստանը, Ալբանիան եւ Շոտլանդիան:
Հիշեցնենք, որ խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված թիմերը վաստակում են փլեյ-օֆֆի ուղեգիր, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն են ստանում նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած եւս 4 թիմեր, որոնցից մեկը Սլովենիայի հավաքականն է:
ԵՎՍ ՄԵԿ ԱԹԼԵՏ ԿՈՒՆԵՆԱՆՔ
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի:
Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաեւ լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը եւ վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուր Բարսեղյանը՝ ազատ ոճում, Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը։