ՍԴ-Ն ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՄԻՊ-Ի ԴԻՄՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։

Դիմումով բարձրացվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 30-րդ, 31-րդ, 78-րդ եւ 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
Վիճարկվող դրույթները վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով եւ սաղմի ներպատվաստում, ինչպես նաեւ դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում) կիրառման առնչությամբ սահմանում են բացարձակ արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող 53 տարին լրացած, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ նշված կարգավորումները խնդրահարույց են խտրականության արգելքի սկզբունքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի եւ այդ համատեքստում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի տեսանկյունից՝ նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով միջամտում են անձի վերարտադրողական ինքնավարությանը, ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը, տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով։
Ըստ Պաշտպանի` օրենսդրական նման սահմանափակումները հակասում են վերարտադրողական իրավունքի իրացման համատեքստում Եվրոպական դատարանի այն տրամաբանությանը, որ ընդհանուր արգելքը՝ ծառայությունների հասանելիությունից օգտվելու համար, առանց անհատական հանգամանքները հաշվի առնելու, համաչափ չէ: Ավելին՝ դրանք չեն բխում Կառավարության՝ իր առջեւ դրված վերարտադրողականության ու ծնելիության մակարդակի բարելավման նպատակից։
Այսպիսով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը, նախատեսելով կանանց համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին եւ այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին:

ՉԻՆԱՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը:
Այդ մասին ասաց ՉԺՀ Կրթության նախարարության Լեզվի կրթության եւ համագործակցության կենտրոնի կուսկո. քարտուղարի տեղակալ տիկին Յու Թիենցին՝ ելույթ ունենալով «Հայաստան- Չինաստան մշակութային երկխոսություն» գիտաժողովին, որը անցկացվեց ՀՀ ԳԱԱ-ում:
«Հայ-չինական ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, վերջին 32 տարիների ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ եւ անկեղծ համագործակցություն իրականացնող լավ գործընկերներ։ Եվ, համապատասխանաբար, Հայաստանում անդադար մեծանում է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը, բազմաթիվ հայ երիտասարդներ նախընտրում են սովորել չինարեն եւ ծանոթանալ չինական մշակույթին։ Վերջերս Հայաստանում հիմնադրվել է չինարենի ուսուցիչների միությունը, որը վկայում է Հայաստանում չինարենի դասավանդման զարգացման մասին, հավատացած եմ, որ այդ միությունը մեծ ներդրում է ունենալու հումանիտար համագործակցության ոլորտում», – ասաց տիկին Յու Թիենցին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ 8 ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ
Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ն Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հատկանշական է՝ Հայաստանի 3 կրթօջախները ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։
Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գեւորգյանը։
ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանն ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը եւ Հրաչյա Սեւոյանը, «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Անի Գեւորգյանը, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Անանիկյանը եւ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Դանիելյանը: Բրոնզե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։
Մասնակիցները նախօրոք առցանց ձեւաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը եւ հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլին ավելի քան 100 աշակերտներ են մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալազիայից, Նեպալից եւ Ֆիլիպիններից:

ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԸ՝ ԶՈՐԱՆՈ՞Ց
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Մարզպետարանից պատասխանել են. «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են եւ նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին։» Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։ Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։ Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձեւավորված, սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԲՐԴՈՒՃՆ ԵՆ ՍԱՐՔԵԼՈՒ
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը: Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։ Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական եւ սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց եւ հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության եւ համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից: Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում (Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիեւը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգն օդում կախված է, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուճ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել…։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս