Եթե թվում է, որ այստեղ նստած, անգործ, անկյալ մեզ ԵՄ-ից հրավիրելու են մեր սիրուն աչքերի համար, սխալվում ենք․ Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան 4 քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» եւ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով դիմել էին իշխանություններին։ Այս հարցով անգամ լսումներ անցկացվեցին խորհրդարանում։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, երեկ հայտարարեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը արդեն գիտի հանրության դիրքորոշումը։

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։

-Պարո՛ն Բաբաջանյան, Ձեր առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց, բայց երեկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց այն՝ ասելով, որ հանրաքվե չի լինելու։ Ինչու մերժեցին իշխանությունները ձեր առաջարկը։

-Մենք չորս քաղաքական ուժերով դեռ չունենք հավաքական պատասխան, բայց նորմալ է, մենք առաջարկ ենք արել իշխանությունները պատասխան են տվել, պետք է փորձենք հասկանալ՝ սա վերջնակա՞ն պատասխանն է, թե՞ ոչ, և ըստ այդմ կծրագրենք մեր գործողությունները։ Այնպես չէ՝ երբ մենք նման առաջակ էինք անում, վստահ էինք, որ իշխանությունը դրական արձագանք է տալու, հասկանում ենք, որ եթե իշխանությունը նման դիրքորոշում ունի, ապա ահռելի աշխատանք կա անելու թե՛ հանրության, թե՛ իշխանության հետ, որպեսզի գանք այն եզրահանգման, որ պետք է հանրաքվեն տեղի ունենա։ Դա անքննարկելի հարց է մեզ համար, քանի որ սա ընտրություն է մեռնելու և ապրելու միջև, ես հույս ունեմ՝ մենք համախոհ ենք, որ ապրել ենք ուզում։ Սրա այլընտրանքը Հայաստանի համար, հենց վարչապետի ձևակերպմամբ, մեր պետականության չգոյությունն է։

-Արդյո՞ք սա հետքայլ չէր իշխանությունների կողմից։

-Ես հետքայլի մասին չգիտեմ։ Խորհրդարանական լսումները եղել են մեր առաջարկը, ես գնացել եմ, հանդիպել եմ ԱԺ նախագահին, այդ առաջարկով եմ հանդես եկել, քննարկում եմ ունեցել ինչպես կարգն է, և Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը լսումներ է կազմակերպել այս հարցով, բայց թե իշխանությունն ունեցել է դիրքրոշում, որ հանրաքվե պետք է անցկացվի, չունեմ նման տեղեկություն։

Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք։

Ի սկզբանե, իմ մոտ նման տպավորություն էր, որ իշխանությունը հակված չէ այս փուլում հանրաքվե անցկացնել, կարծում եմ, որ այս հարցը կտանեն 2026 թ-ի քարոզարշավի մաս կդարձնեն և կփորձեն դրանից քաղաքական դիվեդենտներ ու կապիտալ ստանալ։

-Այսինքն՝ 2026թ-ի ընտրություններին ԵՄ անդամության հարցի շո՞ւրջ կկառուցեն քաղաքական օրակարգը։

-Վստահ չեմ, բայց այդպիսի տպավորություն ունեմ, գոնե այն ինչ վարչապետն ասեց, կարծում եմ՝ հարցը տանելու են 2026 թ։ Մեր առաջարկը նրա մասին էր, որ մենք սպառնալիքների մեջ ենք հենց այս աշուն, եվ այդ սպառնալիքներին դիմակայելու համար պետք է մինչև նոյեմբերին կազմակերպել հանրաքվե։

Հանրաքվեն ԵՄ անդամության հարց չի ներկայացնում, դա չի ենթադրում, որ մենք պետք է սպասենք, որ եվրոպացի պաշտոնյաները մեզ ասեն՝ պատրաստ են ընդունել մեզ, թե ոչ, իրենք երբեք դա չեն ասելու։ Եթե մեզ թվում է, որ այստեղ նստած, անգործ, անկյալ մեզ ԵՄ-ից հրավիրելու են մեր սիրուն աչքերի համար, սխալվում ենք։ Մենք պետք է 24/7 ռեժիմով աշխատենք, որպեսզի պետք լինենք ԵՄ-ին, նրա տնտեսության, անվտանգությանը և ընդհանրապես՝ ԵՄ-ն ոչ թե ստանալու, այլ տալու մասին է։ Ընդհանրապես մենք պատկերացում ունե՞նք՝ ինչ ունենք տալու ԵՄ-ին։

-Իսկ ըստ ձեզ՝ մենք ի՞նչ ունենք տալու ԵՄ-ին, ինչո՞վ պետք է շահագրգռենք, որ ԵՄ-ն ընդունի մեզ։

-Իհարկե ունենք, ահռելի շատ բան։ Մենք այդ քաղաքակրթության մասն ենք, այս տարածաշրջանի նկատմամբ կա ընդգծված հետաքրքրություն՝ տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական, և Հայաստանն այստեղ անելիք ունի, Հայաստանը պետք է իր ներդրումն անի, որպեսզի շահերի ներդրում լինի՝ ԵՄ-ի և մեր միջև։

Մենք այստեղ շահերի ու նպատակների ահռելի ընդհանրություններ ունենք, բայց մենք մեր մակերեսային ու կիսատ-պռատ քայլերով շատ կասկածներ ենք հարուցում ԵՄ-ի մետ։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս