Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի երկրորդ ղարաբաղյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։
Զեկույցում առանձնացված է հատված «Հրադադարից մինչև շրջափակում. Լեռնային Ղարաբաղը 2020 թվականի Նոյեմբերի 9-ից հետո» ենթավերնագրում, որում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է փոփոխվել կյանքն Արցախում և ինչ են պատմում բռնի տեղահանվածները։
«44-օրյա պատերազմը տրավմատիկ փորձ էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Ավերածությունները, տեղահանումները և մարդկային կորուստները սրել են բնակիչների շրջանում Ադրբեջանի հանդեպ գոյություն ունեցող, համընդհանուր վախի զգացումը: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից արտադատական սպանությունների, խոշտանգումների և առևանգումների մասին հիշողությունները եղել են խորը հարցազրույցներում կրկնվող թեմա, այդ թվում՝ ընդդեմ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինց։ Հարցվածներից շատերը նշել են, թե որքան են վախեցել հանդիպել ադրբեջանցի զինծառայողների հետ։ Նրանց հետ հանդիպելու հավանականությունը մտավախություն է առաջացրել սպանվելու, խոշտանգվելու կամ առևանգվելու»:
Freedom House-ի զեկույցն ունի հստակ օրինակներ՝ անուն առ անուն, պատմություն առ պատմություն։
«Օրինակ՝ Դրախտիկ գյուղից մի կին, որին կանգնեցրել էին ադրբեջանցի զինվորները, երբ 2023 թվականի սեպտեմբերին ընտանիքի հետ փախչում էր Հայաստան, հիշում էր, թե ինչպես էր վախենում, որ իր ընտանիքի անդամները կարող են առևանգվել կամ վիրավորվել, քանի որ նման արարքները սովորական բան են եղել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Մեկ այլ կին հայտարարել է, որ իր հայրը՝ քաղաքացիական անձ, գերի է վերցվել ադրբեջանական զինուժի կողմից պատերազմի ժամանակ։
Զինված բախումներն ու խոշտանգումները դժվարացրել են նորմալ կյանքի պատկերացումները Ադրբեջանի կողմից պարտադրված պայմաններում։ Այս տարածված անապահովության զգացումը հաստատվել է հետպատերազմյան շրջանում ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակոցներով և ահաբեկչական գործողություններով։
Քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ և ահաբեկումներ․
Ադրբեջանական ռազմական հենակետերի մոտ գտնվող համայնքներում ապրող մարդկանց հետ հարցազրույցները ցույց են տալիս ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների և ահաբեկման հետևողական օրինաչափություն՝ բնակելի թաղամասերի վրա կրակելու, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների խափանման և մարդկանց տները լքելու սպառնալիքների տեսքով:
Օրինակ՝ 2021 թվականի հոկտեմբերին Մարտակերտից տրակտորիստը սպանվել է ադրբեջանական զինուժի կողմից՝ ռուս խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Հաջորդ ամիս էթնիկ հայ խաղաղ բնակիչները ջրի խողովակի վերանորոգման ժամանակ կրակոցների թիրախ դարձան: Նրանցից մեկը զոհվել է, իսկ երեքը վնասվածքներով հոսպիտալացվել են։ Եվս մեկ քաղաքացիական անձ (Ճարտարից) սպանվել է ադրբեջանական զինուժի կողմից 2021 թվականի դեկտեմբերին՝ իր անասուններին արածեցնելիս։ Հավաքված հարցազրույցներից հետևյալ մեջբերումները վկայում են տեղի բնակիչների կողմից նկատված ընդհանուր իրավիճակի մասին»։
Միջազգային մի քանի գործակալություններից ևս ստացվել են և արձանագրվել են զեկույցներ Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ, որոնք ծանրակշիռ ոչ մի կառույցում Ադրբեջանի դեմ գործողությունների սկիզբ չդարձան։
Էմմա Միքայելյան