Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին Panorama.am կայքին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում:
Հարցին, թե ինչու հանդիպումը չի լուսաբանվել, Արման Սաղաթելյանն ասել է. «Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Սրանք շատ ընդունված ձեւաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիեւի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում»: