Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցում քաոսային իրավիճակ է տիրում։
Վերը նշված հասցեի խաղահրապարակում արդեն 6 ամիս է ինչ կոտրված են շատ կարուսելներ, այդ թվում՝ ճոճանակներ, սահնակներ, ինչի պատճառով երեխաները չեն կարողանում խաղալ իրենց բակում և ստիպված գնում են ուրիշ բակեր։
Բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նշել են, որ թաղապետարանն այս ամենին ուշադրություն չի դարձնում, ճոճանակները չի վերանորոգում և գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ ամեն պահի կարող է շուռ գալ։
Չնայած այս ամենին խնդիրները այսքանով չեն սահմանափակվում։ Բնակիչներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց այն մասին, որ երեկոյան ժամը 8-ից հետո չեն կարողանում դուրս գալ բակ, քանի որ ամեն քայլափոխի գազազած շներ կան։
«Ամեն բակում 6-7 շուն կա, անգամ շքամուտքեր են մտնում։ Վտանգավոր և հիվանդ շներ են։ Չկա մի այնպիսի օր, որ երեխայի վրա չհարձակվեն։ Անգամ դպրոց չենք կարողանում երեխաներին միայնակ ուղարկել, քանի որ դպրոցի դիմաց 4-5 շուն կա նստած։ Ահ ու սարսափի մեջ ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում խաղահրապարակներում տիրող իրավիճակին և ի՞նչ են պատրաստվում անել թափառող շների հարցով։
Մեզ հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ խաղահրապարակներում նորմալ վիճակ է, հնարավոր է, որ մի քանի դետալ պակաս լինի կարուսելների վրայից․
«Խաղահրապարակները նորմալ վիճակում են, այնտեղ կարող է մեկ կամ երկու դետալային ինչ-որ բան է կոտրված։ Շատ-շատ 1 հատ լինի դա էլ։ Այս ամսվա 20-ի կողմերը դետալներ են բերելու, որ մաշված փոխարինվեն, իսկ մնացած խաղահրապարակները շատ իդեալական վիճակում են։ Նույնիսկ հիմա էլ սկսել ենք կարուսելների տակերը ռեզինից հատակներ անել, որ ավելի նորմալ լինի»։
Անդրադառնալով նաև թափառող շներին՝ Անդրանիկ Գասպարյանն ասաց, որ կա առանձին հիմնարկ, որը զբաղվում է այս հարցով։
«Թափառող շներով զբաղվող առանձին հիմնարկ կա, գալիս են՝ մենք էլ հետևում ենք, տանում ստերջացնում են և բերում, իսկ որը որ վտանգավոր է՝ էլ չեն բերում հետ»,-նշեց Գասպարյանը։
Աննա Սրապիոնյան