«Թատրոն գնում եմ այն ժամանակ, երբ Մոսկվայում եմ լինում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանից armlur.am լրատվականը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հետաքրքրվեց` վերջին անգամ պատգամավորը երբ է եղել թատրոնում: «Անկեղծ ասած, թատրոն գնում են այն ժամանակ, երբ  Մոսկվայում եմ լինում: Աշխատում եմ դիտել այն ներկայացումները, որոնք ինձ հետաքրքրում են: Ասեմ, որ Մոսկվայի թատրոնները նոր ու հետաքրքրիր բեմադրություններ են ներկայացնում»,- ասաց Արսենյանը:

-Իսկ հայկական թատրոնների խաղացանկին հետևո՞ւմ եք: Հայկական ներկայացումներից ո՞րն եք դիտել վերջին անգամ:

-2-3  անգամ իմ ընկերոջ` Հրանտ Թոխատյանի հրավերով՝ գնացել եմ իր ներկայացումներին: Դրանից հետո հայկական ներկայացումներ չեմ դիտել: Երկու անգամ էլ կամերային թատրոնում եմ եղել:

-Այսինքն` Մոսկվայում ցուցադրվող ներկայացումները ձեզ ավելի են հետաքրքրում, քան հայկակա՞ն ներկայացումները: 

-Անկեղծ ասած, խոսքը ոչ թե ներկայացման բովանդակության, այլ դերասանական խաղի, ներկայացման հոգևոր, ինտելեկտուալ  կողմի ու ռեժիսորների նոր մոտեցումների մասին է խոսքը:  Մեր հայկական ներկայացումներն այդ առումով մի փոքր տեղում դոփում են:

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  թատրոն գնում է այն ժամանակ, երբ լինում են հետաքրրքիր ու որակյալ ներկայացումներ: «Վերջին անգամ 2 ամիս առաջ եղել  եմ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ու դիտել օպերետային ներկայացում»,-ասաց Ուրիխանյանը` հավելելով, որ պետք է ուշադրություն դարձնել` ինչ  է կատարվում այդ ոլորտում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ  ինքը երկար ժամանակ չի եղել թատրոնում. «Հիմնականում ժամանակ չեմ ունեցել»:

Սոնա Դավթյան




Լրահոս