ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պատասխանը Aravot.am-ի հարցին
Մարտի 20-ին Երեւանում «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսում 1994-1995 թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով եւ դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Երեւան կատարած այցի մասին` նշել էր. «Դավութօղլուն Հայաստանի նախագահին նամակ էր բերել Թուրքիայի վարչապետի կողմից»:
Փաստն ինքնին կարեւոր եմ համարում, թեեւ իմ տեղեկություններով նամակի բովանդակությունում առանձնահատուկ բան չկա…», ասել էր Շահնազարյանը` հավելելով, որ այդ նամակի մասին թե Հայաստանի, թե Թուրքիայի իշխանությունները գաղտնիություն են պահպանում:
Այս առիթով «Aravot.am»-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին հարց ուղղեց` ի՞նչ է գրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից փոխանցված այդ նամակում եւ ինչու՞ է պաշտոնական Երեւանը գաղտնի պահում այդ նամակի առկայությունը:
Քիչ առաջ «Aravot.am»-ը Արման Սաղաթելյանից ստացավ հետեւյալ պատասխանը. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի պատասխանը «Առավոտ» օրաթերթի լրագրող Էմմա Գաբրիելյանի հարցին. «Հանրապետության Նախագահը բազմաթիվ նամակներ և ուղերձներ է ստանում, որոնք հրապարակվում են ըստ նպատակահարմարության և փոխադարձ համաձայնության: Ինչ վերաբերում է անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի ժամանակ իր երկրի ղեկավարության անունից ներկայացրած տեսակետներին, մոտեցումներին, ապա Հայաստանի արտգործնախարարը ժամանակին դրանց անդրադարձել է»։