ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հուլիսի 1-ից ազատվել է պաշտոնից։
Մեհրաբյանը պաշտոնի նշանակվել էր 2022 թվականի մայիսին։
Հավելենք, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն ԲՏԱ նախարարությանն էր միացել 2019 թվականին։
ArmLur.am-ը ներկայացնում է՝ ինչ ունեցվածքով հեռացավ պաշտոնից Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը։
Մեհրաբյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 2017 թվականին Երևան քաղաքում։ Կոմիտեի նախագահը չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 130 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 327 հազար դրամ, որից 14 մլն 101 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Արտյոմ Մեհրաբյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 404 հազար դրամ, որը բնակարանի հհիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով Կոմիտեի նախագահը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 226 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։
Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն։ Նա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է։ Նա 2019 թվականի փետրվարին նշանակվել էր Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, ապա Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
Հիշելով, որ չապացուցված թեորեմ կա իշխանության շրջանում, որ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը հեղափոխությունից հետո չպետք է գործեր․ բերենք փաստարկներ, որ ավելի արմատացած այն երբեք չի եղել։ Բանն այն է, որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, աշխատանքային գործունեություն է ծավալում ամուսնու նախկին աշխատավայրում՝ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում՝ որպես ընդհանուր բաժնի ղեկավար։
Հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով և պոչով» կոռուպցիան։
Էմմա Միքայելյան