ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Իսկանդեր-Մ» կայանքից արձակված հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Միրգորոդ օդանավակայանում կայանած հինգ Սու-27 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Վնասվել է նաև վերանորոգման փուլում գտնվող ևս երկու ինքնաթիռ: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացվում է հարվածի պահը։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում, ասվում է զեկույցում, խոցվել է 9 ուկրաինական ինքնաթիռ, հաղորդում է DW-ն։
Ուկրաինան հաստատել է օդանավակայանի վրա հարձակման և դրա հետևանքով «որոշակի կորուստների» փաստը, միաժամանակ պարզաբանել է, որ վնասը «բոլորովին նույնը չէ», ինչպես դա նկարագրում է ռուսական կողմը։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ հուլիսի 2-ի լույս հուլիսի 3-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում, ինչպես նաև Ղրիմում։