Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդես կգան նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար:

2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:

Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է:

Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:

Արցախցիները, սակայն, արդեն տեւական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում:

Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ:

Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը եւ հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը:

Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս