021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով:
Հենց նույն դահլիճում րոպեներ հետո Թագուհի Թովմասյանը պահանջեց Լենա Նազարյանից, որ ներողություն խնդրի, սակայն Նազարյանը հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան: Դատարանում Լենա Նազարյանը իր փաստաբանի միջոցով փորձեց ապացուցել անհնարինը, թե «իդիոտկա» բառը վրավորանք չէ, նշանակում է «առաջնորդ», եւ Նազարյանը չի ցանկացել վիրավորել. ինչպես նաեւ մեծ փոխհատուցում վճարելուց խուսափելու համար՝ Նազարյանի փաստաբանը դատավորներին ներկայացնում էր Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը, թե վարկեր ունի, չի կարող մեծ տուգանքներ վճարել:
Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում եւ հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաեւ պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավրելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի:
Իսկ իրականում, այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել, եւ, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին: Նախ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում հատուկ միջոցներ կիրառելուց անմիջապես հետո, ոստիկանները ՀՀ պետբյուջերի միջոցներից դրամական պարգեւ ստացան, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հետ գնացինք լրահոսով՝ պարզելու, թե այս օրերին ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ինչով են աչքի ընկել: Պարզեցինք, որ նրանք, օրինակ, ԱԺ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների համար սահմանված օթյակից նրանց ապօրինաբար դուրս հանելով են զբաղված եղել, ինչպես նաեւ խոչընդոտել են ընդդիմադիր պատգամավորների մուտքը իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով, դարձյալ հունիսի 12-ին։ Ահա, թե ինչի համար է Ալեն Սիմոնյանը որոշել խրախուսել ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ ոգեւորությամբ նրանք պաշտպանեն ՔՊ-ական, ինչպես ասվում է, «դավաճան» իշխանություններին:
Հայ գերիների մասին հրապարակումներ համացանցում կգտնեք միայն 2024 թվականի տարեսկզբին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ գերիների մասին հիշատակել է ՀՀ Ազգային ժողովի իր մի քանի հայտարարություններում, զրույցներում։ Մարտի 12-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի՝ գերիների մասին հարցին ի պատասխան, նշեց, որ ունեցել է զրույցներ հենց այդ օրը՝ առավոտյան, բայց ում հետ եւ կոնկրետ ինչի մասին այդպես էլ չասաց։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գերիների մասին հիշատակումներ արել է 2023 թվականի տարեկան ամփոփիչ զեկույցի ընթացքում։
«Ժողովուրդ» օրաթերթը, խախտելով պատասխանատուների լռությունը, փորձեց ստանալ կոնկրետ հարցերի պատասխաններ։
Արտգործ նախարար Արարատ Միրզոյանին հստակ հարցրել ենք. «Պարոն Միրզոյան, թե՛ Դուք, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հրապարակային նշել եք (https://news.am/arm/news/811881.html), որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Չնայած սրան, որեւէ աշխատանք տեսանելի չէ. վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ որեւէ հիշատակում նույիսկ չկա, անգամ՝ պաշտոնական հաղորդագրություններում:
-Արդյոք հարցը շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար:
-Արդյոք անհրաժեշտություն չկա՞ հրապարակային որոշ քայլերի եւ միջոցների, որպեսզի միջազգային գործընկերները, կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հիմնվելով պաշտոնական Երեւանի հրապարակային հայտարարության վրա, իրենց ձայնը միացնեն եւ խնդրին ավելի լայն հնչեղություն տան:
-Արդյոք գերիների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի համատեքստում»:
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ սահմանված ժամկետում ձեւակերպված ծավալուն հարցերի համար ստացանք հետեւյալ ընդհանրական պատասխանը։
«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում», – ասված է գրության մեջ։ Ոչ մի կոնկրետություն:
Առաջնահերթություն համարվող այս հարցի լուծման գործում իշխանությունները պարապուրդի են մատնված։ Հստակ ոչ մի քայլ չարած իշխանությունները՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հունիտի 12-ի Ազգային ժողովի նիստում ակնարկեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների Բաքվում պահվելը պահանջ է՝ «պետք է փտեն բանտերում»։
Օրհասական այս հարցը իշխանության օրակարգի, կարծես, վերջին տեղում է, որ որեւէ լուծում եւ հստակ քայլ չեն անում։
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից շատ դատախազներ խիստ սրտնեղած են դուրս եկել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի էր ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, շատ դատախազներ եւ այլք:
Արդյունքում՝ դատախազներից ոմանք արժանացել են շնորհակալագրերի, իսկ ՀՀ մյուս դատախազներին էլ հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, տրվել են շնորհակալագրեր, պարգեւատրել են հուշանվեր-ժամացույցներով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
Արդյունքում՝ դատախազների զգալի մասը նեղսրտել է, թե ՀՀ անկախության օրը ՀՀ նախագահի հրամանով՝ քննչական կոմիտեի վարչության պետեր հայրենիքին մատուցած ծառայության համար պետական պարգեւի էին արժանացել, իսկ ահա մի դատախազի անգամ նախագահի հրամանով որեւէ նման պարգեւի չեն արժանացրել, ինչը, ըստ դատախազների ներքին խոսակցության, մտածելու տեղիք է տալիս։