ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ, Միջազգային իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանց հրաժարվել միջազգային ատյաններում իր դեմ ներկայացրած հայցերից։
-Պարո՛ն Զեյնալյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այժմ Տավուշում տեղի ունեցող գործընթացը հաջորդիվ շարունակվելու է նաեւ Սյունիքում, բայց, մյուս կողմից էլ, իշխանությունները հայտարարում են, որ սահմանազատումն ու սահմանագծումը դեռ վերջնական երաշխիք չէ, որ Ադրբեջանը նոր սադրանքների չի գնա. եթե այս իրավիճակն է, եւ որեւէ երաշխիք չկա, Ձեզ համար այս շտապողականությունը հասկանալի՞ է, եթե որեւէ իրավական հիմք չկա, ինչի՞ հիման վրա է այս գործընթացն իրականացվում:
-Իրավական հիմք կա, դա Ալմաթիի հռչակագիրն է եւ Հայաստանի օրենսդրությունը, նաեւ Ադրբեջանի օրենսդրությունը եւ այն միջազգային պայմանագրերը, որոնց հիման վրա պետությունները հարաբերվում են: Հայաստանի անվտանգությունը միակոմպոնենտ երեւույթ չէ, բազմակոմպոնենտ է, եւ այս բոլորը պետք է համադրել իրար: Դրանցից մեկը եւ իրավական լեգիտիմությունն է, մյուսը՝ ռազմական պոտենցիալների համադրելիությունը, ռազմական-քաղաքական բալանսը, եւ այս ամբողջը պետք է զարգացնել, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ, սահմանները լինեն անձեռնմխելի:
-Պարո՛ն Զեյնալյան, բայց եթե երկրի ղեկավարը անձամբ հայտարարում է, որ Ադրբեջանը մեզ երաշխիք չի տալիս, եւ դեռ ավելին՝ հակառակ պատկերն ենք տեսնում, որ օրինակ՝ այս ֆոնին Ադրբեջանը ասում է, որ «մինչեւ սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չի կնքվի», ու անընդհատ նոր պահանջներ է դնում:
-Ադրբեջանի գործը չէ մեր սահմանադրությունը եւ, միջպետական պայմանավորվածության համաձայն, Հայաստանը եւ Ադրբեջանը նախագծում ֆիքսվել են, որ որեւէ կողմ չի կարող հղում անել սեփական օրեսդրության վրա, այդ թվում՝ սահմանադրության վրա: Եվ, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է պարտավոր պահպանել իր պայմանավորվածությունը դրա վերաբերյալ, այնպես էլ Ադրբեջանը, իսկ թե մենք ինչպես այդ խնդիրը կլուծենք, դա մեր խնդիրն է. իսկ Ադրբեջանի կողմից կատարած հայտարարությունները՝ սահմանադրության եւ այլնի վերաբերյալ, նպատակ են հետապնդում ձգձգելու, հարմարեցնելու գործընթացը, նաեւ տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում: Այսօր բոլորը սպասողական դրության մեջ են, սպասում են՝ ինչպես կավարտվեն ընտրությունները ԱՄՆ-ում, ինչպես կավարտվի ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ. բոլորը սրանց հանգուցալուծմանն են սպասում: Այն, որ աշխարհում հիմա դադարել է գործել պայմանավորվածությունները պահելու որոշումը, դա միանաշանակ է, եւ պետք է վերականգնել համաշխարհային կարգը՝ այն, ինչ-որ ձեւավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյանը համատեղ հայտարարություն են տարածել. «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի եւ Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձեւը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար եւ պաշտպանել արցախցիների՝ անվտանգ եւ ապահով վերադարձի իրավունքը։
Կարեւորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան եւ ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝
l ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ եւ անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,
l պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,
l հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,
l կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
l քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման եւ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձեւը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, եւ դրանում ներկայացված դրույթները կարտահայտվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի եւ տեւական խաղաղության հաստատմանը»։
ՀՀ-Ն ՀԱՆՐԱՔՎԵ ՉԻ ԱՆՑԿԱՑՆԻ
«Ես ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի«, – այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի։ Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովուրդը, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը», – ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ եթե հանրաքվե անեն, պետք է քարոզարշավ անեն։ «Այդ դեպքում մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզու՞մ է, թե ոչ։ Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունելու։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»,- ասաց նա։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, եւ էլի մարսում է։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանը եկել է Նիկոլի Փաշինյանի օրակարգով.
«Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետեւաբար՝ իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են, ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է։
Երբ ինչ-որ մեկին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, չպետք է մոռանան, թե ովքեր էին քվեարկում, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության ու ովքեր էին մրցավազքի մեջ, թե ով ավելի շուտ միացավ Փաշինյանին։ Հետեւաբար, եթե կա մեկը, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում՝ կամա, թե ակամա, դա միայն իրենք են։
Ես հենց սրա մասին էի խոսում, որ պետք է այս ձեւաչափից դուրս գանք, այս կործանարար օրակարգից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա վերարտադրվել, բայց քանի իրենք կան, բոլորն էլ դա գիտեն, ժողովուրդը միշտ էլ Նիկոլ Փաշինյանի ու իրենց միջեւ Փաշինյանին են ընտրելու։
Կամ, որ ասում են՝ Ոսկեպարում իրենք են խնդրել, որ ինձ այնտեղ դիմավորեն, ես մի բան հիշեցնեմ, երբ ապրիլի 13-ին պետք է լիներ հանրահավաք Ոսկեպարում, այնտեղի բնակիչներն ասում էին՝ Բագրատ Սրբազանի հետ խնդիր չկա, բայց մենք դուրս ենք գալու ու 200 հոգով փակենք ճանապարհը, եթե իմանանք, որ սա դառնալու է Դաշնակցական հավաք։ Այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ազդեցություն ունեին մյուս մարդկանց կարծիքների վրա, ես նրանց հետ խոսել, բացատրել եմ, որ երաշխավորում եմ՝ կարող են բոլորն էլ գալ, բայց հարթակում նախկինների ներկայացուցիչներ չեն լինելու։
Այնպես որ, երբ նման հայտարարություններ են անում, թող մի քանի անգամ մտածեն», – ասաց Սուրեն Պետրոսյանը։