ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում-բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։

Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաեւ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում։
Այսպիսով՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 79 գրավոր եւ բանավոր դիմում-բողոք 106 անձանցից։
«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 49 գրավոր եւ բանավոր բողոք 74 անձից։ Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնել են հարցեր կապված սահմանված ժամանակացույցին համապատասխան ջրամատակարարում չիրականացնելուն, ջրամատակարարման ընդհատումներին, ինչպես նաեւ ջրանջատումների վերաբերյալ պատշաճ չծանուցելուն, խմելու ջրի որակին, ճնշմանը եւ այլն։
Նշված խնդիրների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նաեւ սոցիալական մեդիայի մշտադիտարկում, ուսումնասիրվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։
Հաշվի առնելով, որ խնդիրները զանգվածային են եւ ունեն շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը։ Հատկապես մտահոգիչ է, երբ ամռան ամիսներին մարդիկ զրկված են ջրի եւ սանիտացիայի հասանելիությունից։
Ելնելով վերոգրյալից՝ Պաշտպանը եւս մեկ անգամ շեշտում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել վթարային ընդհատումների պատճառները եւ աշխատանքներ իրականացնել դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ, առավել հետեւողական լինել խմելու ջրի մատակարարման ծառայությունների կանոնների, ինչպես նաեւ ջրամատակարարման ընդհատումների վերաբերյալ պատշաճ ծանուցումների իրականացման նկատմամբ։
Բազմաթիվ բողոքներ ստացվել են նաեւ «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Այսպես, ստացվել է 30 գրավոր եւ բանավոր բողոք 32 անձից, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրամատակարարող ընկերության կողմից առանց նախապես պատշաճ ծանուցելու եւ տեւական ժամանակով էլեկտրաէներգիայի ընդհատումներին, դրա հետեւանքով նյութական վնասի պատճառման դեպքերին, աշխատանքային գործունեության պատշաճ իրականացումը խաթարելուն, ֆինանսական վնասների կրմանը։
Այս ամենի հետեւանքով էական վնաս է հասցվում ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տարբեր կազմակերպությունների։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հատուկ հաստատություններ մոնիթորինգային այցերի ընթացքում հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ, որ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների ընթացքում անհնար է լինում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Օրինակ, կան հաստատություններ, որոնք կահավորված են վերալակով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու նպատակով՝ մինչդեռ պարբերական եւ առանց պատշաճ ծանուցման էլեկտրաէներգիայի անջատումների հետեւանքով հաճախ խնդիր է առաջանում նրանց մի հարկից մյուսը տեղափոխելու եւ այլ վերաբերելի հարցերի հետ կապված։
Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված երկու դեպքերին Մարդու իրավունքների պաշտպանն առավել մանրամասն անդրադարձել է 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Տեղեկացնենք նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրված խնդիրների վերաբերյալ գրություններ է հասցեագրել «ՀԷՑ» եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներին։
Նշված խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն եւ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական է լինելու դրանց լուծման հարցում։

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմինները գրեթե բոլոր իրավական գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ օրենքով գողի տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի որդին այս պահին ազատության մեջ է, սակայն նրա` բանակից ազատման հիմքերը ստուգելու հարցում լուրջ գործընթաց է մեկնարկել:

2024 թվականի հունվարի 31-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները եւ նրանց միացած մյուս իրավապահները Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին եւ բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին քր. օենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի որդին ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Այս իրավիճակում հարց է առաջանում, եթե նա օրինական ճանապարհով է բանակից ազատվել, ապա ինչու է հրաժարվում ենթարկվել փորձաքննության, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

ՆԵՐԿՐՄԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթեւ մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը պատասխանել է՝ առկա չեն: Մաքսային ծառայողների մոտ սակայն կասկածներ են առաջացել, եւ տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խոր զննման անգար: Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման եւ զննման, ինչի արդյունքում մեքենայի հետեւի նստատեղից դեպի բեռնախցիկ ընկած հատվածի արանքում` հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է «REDMI», եւ «SAMSUNG GALAXY» մոդելների 109 բջջային հեռախոս:
Մաքսային ծառայողների կողմից դեպքի կապակցությամբ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռն ի պահ է վերցվել:

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչեւ 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, Երեւան քաղաքի 37-ամյա բնակչուհին ապօրինի հասանելիություն է ստացել adjarabet.am եւ totogaming.am բուքմեյքերական կայքերում գրանցված մի քանի անձանց խաղային հաշիվներին եւ դրանց կցված բանկային քարտերի հաշիվներից ելքային փոխանցումներ կատարել իր խաղային հաշիվներին՝ այդ կերպ ստանալով դրանք տնօրինելու, օգտագործելու հնարավորություն:
Այնուհետեւ, խաղադրույքներ կատարելու նպատակով, նա անձանց խաղային հաշիվներից գումարներ է ելքագրել՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով գույքային վնաս:
Նախաքննության տվյալներով՝ վերոհիշյալ եղանակով քաղաքացիներից հափշտակված գումարի չափն ընդհանուր առմամբ կազմում է 1.665.400 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:




Լրահոս