SarGiz-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իգիթյանի անվան կենտրոնում (Աբովյան 13) կայացել է նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի՝ SarGiz-ի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Ցուցահանդեսի ընթացքում արվեստասերները հնարավորություն են ունեցել դիտելու երջանկահիշատակ արվեստագետի մի քանի տասնյակ աշխատանքներ, որոնց շնորհիվ պատկերացում են կազմել SarGiz-ի թողած հարուստ ժառանգության մասին։ Իրադարձության նախաձեռնությունը Սարկիսյանի ընտանիքինն է եղել։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այն կտեւի մինչեւ հուլիսի 4-ը։
«Արվեստը կրում է ժամանակի բոլոր շերտերի կարեւորությունը, բոլոր ժամանակների մշակութային կապը, մեկը մյուսին լրացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ, մեկը մյուսին ժխտելու անսպասելիությունը։
Արծաթը, պղնձի զարդանախշերը ստանում էին պատկերների մի նոր մեկնաբանություն, ստեղծելով կոմպոզիցիաների ներդաշնակ համայնապատկեր: Գույնը, գիծը, թափանցիկ միջնադարյան հայացքները, մաշված որմնանկարների ոսկեպատ լույսը շշնջում են Աստծո խորհուրդների գանձարանում, պատկերները ստանում են մի նոր երանգ, կարեւորություն հաղորդելով արվեստին: Եթե արվեստը մարդու հոգու հայելին է, ապա Գագիկի ստեղծած արվեստում մենք մասնակցում ենք նրա անսահման սիրո զգացմունքների արտահայտմանը, որոնք կմնան իբրեւ արվեստի գլուխգործոցներ իր ժամանակի ու ժամանակից դուրս տիեզերական լռության ներքո…»,- Գագիկ Սարկիսյանի մասին նշել է նրա ընկեր, նկարիչ Արմեն Խոջոյանը։
«Ապշեցուցիչ էր արհեստի ցանկացած տեսակում նրա աշխատելու կարողությունը։ Բայց ավելի զարմանալի էր, երբ նրա արհեստը օգնության էր հասնում արվեստին: Թերթավոր պղնձից թեթեւ, մի շնչով արված անհավանական բարդության քանդակները, իդեալական ըստ մտահղացման եւ իրականացման: «Տրոյական նժույգը» հիասքանչ եւ բացառիկ կոմպոզիցիան ապշեցնում է իր բացարձակ գեղագիտությամբ: Հիանալի են կենդանիների պղնձե քանդակները` ցլի, խոյի, քարայծի: Տարօրինակ եւ արտասովոր է «Խաղաղաբերը» քանդակը։ Կոլաժները։ Դա նույնպես «Մեծ մարդու» գործ է։ Կիրառել հինավուրց առարկաները, կահկարասին, փայտի ճաքերով կտորները, պղնձե թասերն ու գավերը, եւ այդ իրենց դարն ապրած առարկաներից ժամանակակից, կենսաշունչ եւ արդեն ժամանակային շրջանակներից դուրս ինչ-որ բան արարելը` ահա եւս մի նվաճված նպատակ, եւս մի գրավված ուղի։ Գեղանկարչությունը։ Բազում մտքեր, իրականացված տարակերպ կտավներում՝ գունավոր Բուդդաները եւ ցնորական բնանկարները: Իր թոռների քնքուշ եւ զարմանալիորեն գորովալից խմբանկարը։ Թեթեւություն եւ բարդություն, գաղտնիք եւ ցանկացած հայացքի համար բաց գաղափար ահա անհամատեղելիի համատեղումը նրա նկարներում», – այսպես է բնութագրել SarGiz-ի արվեստը նկարիչ Աննա Ադիյանը։
Նշենք, որ Գագիկ Սարկիսյանը ծնվել է 1957 թ.։ 1979 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1984-1992 թթ. աշխատել է Հնությունների վերականգման կոմիտեում, որպես փայտամշակման արվեստանոցի ղեկավար: Աշխատանքներ է իրականացրել Երեւանում, Աշտարակում, մասնակցել է Հառիճի եկեղեցու ձեւավորմանը։ 1993 թ. հրավիրվում է Մոսկվա «Ուսադյբա Վալուեվա» վերականգման աշխատանքների մասնակցելու: 2000 թ.-ից մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում հայ նկարիչների ցուցահանդեսներին: 2005 թ.-ից սկսած մասնակցում է Մոսկվայում «Արտմանեժ» ցուցահանդեսին: 2006 թ.-ից մասնակցում է ՌԴ պատմության թանգարանում Հ. Իգիթյանի կազմակերպած ցուցահանդեսին: 2021 թ. հրավիրվում է «Մաչանենց» միջազգային սիմպոզիումին: Մահացել է 2023 թ.։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Թուրքիայի արեւելյան Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Ալի Փաշա թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի, հայտնում է ermenihaber.am-ը:
Հունիսի 28-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մեկնարկել են 508 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա, չնայած, որ ըստ հաշվարկների, վերականգման համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ:
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի բարձրացրած աղոթքից հետո։
Նշենք, որ եկեղեցին Օսմանյան կայսրության տարիներին ծառայեցվել է որպես արհեստագործական դպրոց: Հայոց ցեղասպանության ոճրագործությունից հետո եկեղեցին ո՛չ կրոնական, ո՛չ այլ նպատակների համար չի օգտագործվել եւ այժմ գտնվում է ավերված վիճակում:

ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) միջեւ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը։
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) աջակցությամբ իրականացնել ՀՀ Արմավիրի մարզի Բագարանի Սբ Շուշան (7-րդ դ.,), Տավուշի մարզի Չինարի գյուղի Խորանաշատ վանական համալիրի (1211 թ.) եւ Հայաստանի պատմության թանգարանի Սիսիանի մասնաճյուղի ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները։

«ՆՈԱ»-ՅԻՆ» Է ՄԻԱՑԵԼ ՄԱԹԵՈՒՍ ԱՅԱՍԸ
Բրազիլացի հարձակվողը հայրենի «Պրոնտե Պրետայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում ու Անգլիայում: 2017 թվակակին տեղափոխվել է Իսպանիա, որտեղ խաղացել է «Գրանադայի» 2-րդ թիմում։
Իսպանական թիմերից Այասը հանդես է եկել «Ֆուենլաբրադայում», «Վալենսիա Մեստալիայում», «Միրանդեսում», «Ռեալ Օվեդոյում», «Ռասինգում»։ Անգլիական ակումբներից խաղացել է «Ուոթֆորդի» մինչեւ 23 տարեկանների թիմում։ Իսպանական 2-րդ լիգայում Հայաստանի փոխչեմպիոնի նորեկն անցկացրել է 87 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Մորեիրենսեից»։
«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ նոր ճանապարհ սկսել: Ակումբի մի մասնիկը լինելու համար պետք է գերազանցել սեփական սահմանները եւ միասնաբար հասնել բարձունքների», – երեւանյան թիմին միանալուց հետո ասել է բրազիլացի հարձակվողը:

ՖԻԴԵ-Ի ՆՈՐ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հուլիս ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 66-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 82-րդ, Գաբրիել Սարգսյանը` 90-րդ, Հրանտ Մելքումյանը` 91-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 18-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 75-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 77-րդ:




Լրահոս