Պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային Ժողով է եկել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Մինչ պատգամավոր դառնալը՝ Բաբկեն Թունյանն անցել է տնտեսագետի, տնտեսական լրագրողի և խմբագրի ճանապարհով, հեղափոխությունից հետո վերցրել է մանդատ և դարձել պատգամավոր։
Համաձայն Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ պատգամավորն ունի 2 բնակարան․ բնակարաններից մեկը ձեռք է բերել 1994 թվականին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ 2-րդ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով 2022 թվականին, այդ մասին տեղեկանում ենք ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից, որտեղ նշվում է՝ բնակարան՝ նոր կառուցվող շենքում, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 31 մլն 804 հազար դրամ։
Հաշվետու տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց MERCEDES-BENZ մակնիշի մեքենան, որը գնվել էր 2018 թվականին, պահպանվել է նաև տարեվերջին։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 569 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 900 հազար դրամ։
Բաբկեն Թունյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 428 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 534 հազար դրամ։
Թունյանը վարկերի մարմանը հատկացրել է 5 մլն 200 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 12 մլն դրամ։
Հեղափոխական «պոզով-պոչով» կոռուպցիան մտել է նաև Բաբկեն Թունյանի ընտանիք, քանի որ նրա կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատանքի է անցել Կադաստրի կոմիտեում՝ որպես Անձնակազմի կառավարման վարչության պետ։ Մինչ այս՝ Քնարիկ Իսոյանը զբաղեցնում էր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնը։
Վարչության պետի պաշտոնում Քնարիկ Իսոյանը ստանում է 6 մլն 703 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Էմմա Միքայելյան