Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Աստանայում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Այսպիսով, Բելառուսը ՇՀԿ-ի տասներորդ լիիրավ անդամն է։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են Մոնղոլիան և Աֆղանստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Հայաստանը, Կամբոջան, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը և Շրի Լանկան:
ՇՀԿ-ի հիմնական նպատակներն են անդամ երկրների միջև փոխվստահության ամրապնդումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանման նպատակով համագործակցության զարգացումը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, տնտեսական համագործակցության զարգացումը և մշակութային փոխգործակցության ընդլայնումը:
ՇՀԿ գլխավոր քարտուղարությունը գտնվում է Պեկինում, իսկ Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը գործում է Տաշքենդում։