ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել Ազատության 12/2 և Ազատության 12/3 շենքի բնակիչներից այն մասին, որ Ազատության 14/3 հասցեում գտնվող կաթսայատունը սեփականաշնորհվել է և դրա փոխարեն հիմա ցանկանում են 3 հարկանի շենք կառուցել։
Այս հարցով ArmLur.am-ը զրուցել է Ազատության 12շ2 շենքում բնակվող Ինեսա Քերոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր բնակիչները դեմ են կաթսայատան փոխարեն շենք կառուցելուն։
«Բոլոր բնակիչները դրան դեմ են, ոչ մի ինչ-որ սեյսմիկ կամ էկոլոգիական հետազոտություններ իրականում չեն իրականացվել, բայց չգիտես ինչ ձևով շինթույլտվությունը դեռ 2020 թվականին արդեն տրված է եղել, բայց այդ ժամանակ բնակիչները բողոքել են և կասեցվել է շինարարությունը՝ այդպես էլ տեղի չի ունեցել։ Հիմա մի քանի օր առաջ առանց ինչ-որ մարդկանց իրազեկելու տեսնում ենք, որ մարդիկ են գալիս ու ուզում են սկսել շինարարությունը, նույնսիկ անվտանգության աշխատակիցներ են բերում, կարմիր բերետավորներ, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն, բայց բնականաբար բոլոր բնակիչները դուրս են գալիս և դեմ են արտահայտվում շինարարությանը»,- ասաց Ինեսա Քերոբյանը։
Բնակիչը նաև նշեց, որ այսօր առավոտյան վերը նշված շենքի բնակիչներով այցելել էին քաղաքապետարան։
«Մենք այսօր առավոտյան գնացել էինք քաղաքապետարան, 4 անձի ընդունեցին՝ այդ թվում ինձ ևս, ճարտարապետներն էին և եթե ճիշտ եմ հասկացել՝ իրավաբան, նայեցին նախագիծն ու ասացին, որ նորմաներին ամեն բան համապատասխան է, համենայն դեպս՝ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց իրականում մեզ հետ չեն խոսել և նույնն են ասում, եթե անհամաձայն ենք, պետք է վարչական դատարանով հարցը լուծեք։ Համենայն դեպս իրենց կողմից ասացին, որ քանի որ բնակիչները նորից բողոքել են՝ նորից ստուգումներ կիրականացվեն, թե՛ սեյսմիկը կգա, թե՛ էկոլոգիական բոլոր ստուգումները կգան»,- նշեց բնակիչը։
Ինեսա Քերոբյանը ընդգծեց այն փաստը, որ իրականում խնդիրը մեծ է, քանի որ Ազատության 12/2 շենքի մոտ նստվածքներ և սողանքներ կան, ինչն էլ իր հերթին վտանգավոր է։
«Մենք անհանգիստ ենք, որ շենքը կարող է փուլ գալ։ Շինարարություն իրականացնելու դեպքում տարածքը կփակվի, անհրաժեշտության դեպքում նույնիսկ շտապ օգնության մեքենան չի կարողանա մոտենալ տվյալ շենքին։ Ասացին, որ 30 օրվա ընթացքում է սովորաբար այդ պրոցեսն իրականացվում, որից հետո մեզ ցանկացած պատասխանի դեպքում տեղյակ կպահեն, եթե կասեցնում կամ շարունակում են։ Այս 30 օրվա ընթացքում էլ շինարարությունը ցանկացած պահի կարող է սկսվել, որովհետև նրանք դրա իրավունքն ունեն, բայց բնակիչները չեն պատրաստվում շինարարական ոչ մի աշխատանք թույլ տալ։ Սեփականատերը չի ներկայանում՝ ով է, ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ով է պատրաստվում այդ շենքը կառուցել»,- նշեց բնակիչը։
Այս հարցով ArmLur.am-ը դիմեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին, որտեղից էլ տեղեկացրեցին, որ կաթսայատունը սեփականաշնորհվել է 2020 թվականի հունիսի 9-ին՝ Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու օրոք։
Այսինքն՝ ամեն բան դեռ համաձայնեցված է եղել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։
Ստորև ներկայացնում ենք թաղապետարանի տրամադրած փաստաթուղթը։
Աննա Սրապիոնյան