Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։

Իշխանությունը փորձում է սեղմել օղակը նրա շուրջ՝ Երևանի քաղաքապետի ընկերների, մտերիմների վրա քրեական գործեր հարուցելով:

Ասվածի վառ ապացույցը այն է, որ Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը գովեստի խոսքեր հնչեցրեց Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հասցեին։ Մեկ օր անց ուժայինները նրան ձերբակալեցին, իսկ դատարանը տնային կալանքի ենթարկեց Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառեց:

ՔՊ-ականները ու հատկապես քաղաքապետարանում աշխատող ՔՊ-ականները դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքը հարցրեց կատարվածի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչու իրավական ուժ կիրառվեց գովեստի արժանացած թաղապետի նկատմամբ և արդյոք այդ քայլով քաղաքական իշխանությունն ինչ-որ բան է փորձում հասկացնել Տիգրան Ավինյանին։

Ստացանք հետևյալ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ. «Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում։

Միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։ Սա է քաղաքապետի դիրքոշումը բոլոր նմանատիպ դեպքերի առնչությամբ»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը եւ Դավիթ Բալասանյանը, կալանավորվել են մեկ ամսով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս