Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ի Կառավարության նիստում հաստատվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ներկայացրած «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:

Վահե Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ նախագծի նպատակը աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառած վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է։ Ըստ այդմ՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։

Կարգավորվելու է արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։ Առաջնային վնասների փոխհատուցման կարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կսահմանի նաև վնասի այլ տեսակների փոխհատուցման կարգը։

Փոխհատուցման շահառու են հանդիսանալու օրենքով չարգելված ցանկացած եղանակով անշարժ գույք ձեռք բերած անձինք, որոնց գույքը վնասվել է (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) արտակարգ իրավիճակի հետևանքով: Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ որոշմամբ սահմանված գումարի չափով։ Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով:

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի (բնակարանի, տան, կեցավայրի) աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Սահմանվում են էլեկտրոնային դիմումի ներկայացման ընթացակարգը, դիմումի հաստատման կամ մերժման հիմքերն ու ընթացակարգը, փոխհատուցման ընթացքի մշտադիտարկմանը վերաբերող կարգավորումները։ Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից, փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Շահառուն պետք է ներկայացնի որոշմամբ նախատեսված տվյալները։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասնել է. «Կադաստրի կոմիտեն տալիս է, թե տվյալ բնակավայրում վերջին շրջանի անշարժ գույքի գծով գործարքների արժեքը որքան է եղել. 1 քմ հաշվով միջինացված արժեքը հիմք է ընդունվում բնակարանի գնման վկայագրի 1 քմ համար փոխհատուցում նախատեսելու համար: Ունենք մեկ բազմաբնակարան շենք, որն Ալավերդի քաղաքում է՝ բաղկացած 16 բնակարաններից: Իրականում 6 բնակարանն է, որ գտնվել է առաջին հարկում և ջրհեղեղից տուժել է, բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդվի, ապա բնակարանի գնման վկայագրեր կստանան նաև 10 բնակարանատերը: Առանձնատների քանակը ևս ճշտվում է, բայց երկու առանձնատուն հայտնի է, որոնցից մեկը՝ Հաղարծինում, մեկը՝ Ձորագետում»:

Վահե Ղազարյանը հստակեցրել է՝ այս պահի դրությամբ կան 263 վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատներ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մնացած դեպքերում մարդկանց հատկացվում է գումար, որպեսզի նրանք հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն և վերադառնան այնտեղ ապրելու: Անդրադառնալով վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը, որ միջինացված 1 քմ համար հաշվարկ կարվի և այդ հաշվարկով կհատկացվեն գումարները, կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ:

Ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեինք 9 համայնք և 39 բնակավայր այս ցանկում: Հիմա 60 000-ի կոդում Ալավերդին է իր բնակավայրերով և Նոյեմբերյանի Այրում բնակավայրը: Մնացած բոլորի պարագայում կկիրառվի 40 000-ը»: Հավելելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչպես պայմանավորվել ենք, առաջնային խնդիրը հետևյալն է՝ մենք մարդկանց աջակցենք, որ նրանք արագ տունը նորոգեն և վերադառնան իրենց տուն ապրելու: Եվ մենք երկու գոտում փաստորեն 1 քմ համար հատկացնում ենք 60 000 դրամ, մյուս դեպքում՝ 40 000 դրամ»:

Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է գույքի հետ կապված հարցին: «Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է գանք որոշակի ստանդարտի, որովհետև մի տան մեջ գույքը շատ է, մի տան մեջ գույքը քիչ է, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք չենք կարող հիմա հետահայաց ստուգել, թե այդ տանն ինչ գույք է եղել: Եվ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ նման դեպքերում շատ լայն դաշտ է բացվում չարաշահումների համար: Եվ մենք այս տրամաբանությամբ բնակարաններին հատկացնում ենք երկու գոտիով: Առաջին գոտում 1 մլն 200 հազար դրամ, այսինքն՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու համար, երկրորդ գոտում՝ 800 000 դրամ՝ գույքային կարիքները հոգալու համար»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ որոշակի պայման է դրվում, որ գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող են նաև կանխիկացվել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 1 մլրդ դրամ կուղղվի Լոռու և Տավուշի մարզերի թվով 9 համայնքում 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների աղետի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցմանը։




Լրահոս