Ես որևէ կապ չունեմ ՓՀԷԿ-ի տարածքը սեփականաշնորհած անձանց հետ. ՊՎԾ պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հոդված էր հրապարակել ՝ պետությանը հասցված 18 մլն դրամի վնաս, որը հանգեցնելու է բնապահպանական աղետի։ Ներկայացրել էին մանրամասն, թե ինչպես է Աբովյան խոշորացված համայնքի Պտղնի գյուղին հարող Սևան-Երևան մայրուղու հատվածում գտնվող թմբերը փորվել, հողը տեղափոխել, լցրել են հարակից ձորակը։
Արդյունքում՝ վնասվել է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող խողովակաշարը, որի արդյունքում տուժել է և՛ պետությունը, և՛ ՓՀԷԿ-ի սեփականատերը։
Գրել էինք, որ Սարգիս Գամբուրյանը «Գնդասար ՓՀԷԿ»-ի տարածքում անօրինական աշխատանքներ կատարելու թեմայով զրուցել է ոմն Մհեր Բաղդասարովի հետ, ով հանդիսանում է ձեռք բերված հողամասի սեփականատերը։ Զրույցի ընթացքում նրանք ոչ մի ընդհանուր հայտարարի չեն եկել։

Ավելին՝ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գնդասար ՓՀԷԿ»-ի տարածքում շինարարություն իրականացնող անձինք փոխկապակցված են Կոտայքի մարզի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ։
ArmLur.am-ը տեղեկացել էր, որ Մհեր Բաղդասարովը և Պավել Ցուգունյանն են ՀԷԿ-ի տարածքում իրականացնում շինաշխատանքներ, ովքեր ունեն ուղիղ հովանավորչություն Ռոմանոս Պետրոսյանի կողմից։

Ըստ մեր աղբյուրի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, այժմ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Պավել Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռու որդին է։

ArmLur.am-ը գնալով պատասխանների հետևից, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանից խնդրել է պատասխանել մի քանի հարց, թե ինչպես է ստացվել, որ հողերի նշանակությունը փոխվել և դրանք օտարվել են։ Հետաքրքրվել ենք՝ արդյոք Մհեր Բաղդասարովը և Պավել Ցուգունյանը որևէ կապ ունեն իր հետ և արդյոք ունեն հովանավորչություն ՊՎԾ պետի կողմից, ով էլ վերջինս բացառեց նման լուրերը և հորդորեց այլևս իր և որևէ մեկի միջև հովանավորչություն չփնտրել, նման բան բացառվում է։
«Բնականաբար ես որևէ կապ չունեմ և չէի կարող ունենալ իմ նախկին կարգավիճակի բերումով, երբ ես Կոտայքի մարզպետ էի։ Քանի որ համայնքներում վարչական տարածքներից ներս հողային քաղաքականությունը բացառապես իրականացնում է ՏԻՄ մարմինը՝ համայնքապետը իր ավագանու հետ միասին։
Մարզպետի ինստիտուտը պարբերաբար կամ առանձին դեպքերում նաև արտահերթ կերպով իրականացնում է վարչական և իրավական վերահսկողություն տվյալ մարզի տարածքում գտնվող համայնքների նկատմամբ։
Կոնկրետ խնդրո առարկայի հետ կապված. նախ և առաջ ես ամբողջոբովին հերքում եմ իմ առնչությունը, իմ անձի հետ փոխկապակցվածությունը նաև առերևույթ հովանավորչությունը նշված հողատարածքի հետ կապված գործընթացներին։
Ասեմ ավելին ես դեռևս Կոտայքի մարզպետ էի 2020 թվականի գարնանը ինքս ճանապարհի երթևեկելի հատվածից նկատել էի, որ ժամանակին ջրային ավազանի նպատակով կառուցված տարածքում հողալցման աշխատանքներ էին ընթանում։ Բնականաբար պաշտոնապես հարցում եմ արել այդ ժամանակվա Պտղնի համայնքի ղեկավարին, քանի որ այդ տարածքը դեռ գտնվում էր Պտղնի համայնքի տարածքում և խոշորացված Աբովյան համայնքի մեջ չէր մտնում։ Նախկին համայնքապետը ինձ հավաստիացրել էր, որ արդեն իսկ համայնքի ավագանու որոշմամբ  փոխված է տվյալ տարածքի նպատակային նշանակությունը, այն այլևս ջրային նպատակային օգտագործման համար չէ։

Այնուհետև, դիմել եմ Ոստիկանության մարզային վարչություն և առաջարկել եմ իրավական գնահատականի արժանացնել, եթե այդպիսի առերևույթ հանցակազմ պարունակող դրվագներ կան տվյալ հաղորդման մեջ։
Ինձ պատասխանեցին, որ հավուր պատշաճի է փոխված հողային նշանակությունը, չկա հողային լիցքի սահմանափակում։ Կա նաև համայնքի ղեկավարի թույլտվությունը կոնկրետ սուբյեկտների հետ, ովքեր հողային լիցք են կատարում այդ տարածքում։ Արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Դրանից հետո տվյալ որոշումը բողոքարկել եմ Դատախազությունում, դարձյալ առաջարկելով քրեաիրավական գնահատականի արժանացնել այս գործընթացը, քանի որ մարզպետի աշխատակազմի մասնագետների տված եզրակացությամբ համայնքի ավագանին իր որոշումով է փոխել ջրային ֆոնդի հողատարածքը այլ նշանակության։
Այդ շրջանում ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Սա համընկավ իմ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակվելու հետ։ Իմ շրջանից հետո իմ ունեցած տեղեկություններով Պտղնի համայնքի ղեկավարն աճուրդի է դրել այդ հողը արդեն լիցք արված տեսքով և օտարվել է ինչ-որ մեկի կողմից։

Ես չեմ կարող այժմ այդ տարածքում իրականացվող գործողությունները մեկնաբանել, քանի որ ինքս թե՛ ի պաշտոնե, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե անձամբ ես կապ չունեմ այդ գործընթացների որևէ փուլի հետ։ Բայց ես հավաստի տվյալներ ունեմ, որ այդ հողագրունտի տեղափոխման, լիցքի սահմաններից դուրս գալու և այլ փաստերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը անմիջապես արձագանքել է ՓՀԷԿ-ի տնօրենի ահազանգին, մարզային բաժանմունքի միջոցով փաստաթղթեր է հավաքել և վարույթ է հարուցել։

Ժամանակին եղել է արձագանք այդ մարմինների կողմից, հաշվարկները պատշաճ կատարվել է։
Այս ընթացքում ուսումնասիրության առարկա է դարձել նաև իր նամակներում իր ձևակերպմամբ հնարավոր փոխկապակցվածության դրվագները, և որի հետ կապված իրավապահ մարմինները գործողություններ արած կլինեն։ Սակայն ես կարող եմ նշել, որ դա զրպարտանք է իմ բարի համբավին։

Հողի ձեռք բերումը, իրացումը, օտարումն արդեն իմ մարզպետի աշխատանքի գործունեության դադարեցումից հետո է տեղի ունեցել։ Ինձ հետ կապել Աբովյանի ավագանու անդամների հետ քաղաքական կամ ընկերական կապը նրանց գործունեության հետ ճիշտ չէ։ Ես իմ մասով բացառում և երաշխավորում եմ ոչ մի հովանավորչություն, որևէ շահերի բախման կամ առերևույթ հանցակազմ չկա»:
Ռոմանոս Պետրոսյանը բացառեց նաև գործում ներգրաված անձանց հետ հարաբերությունների արդյունքում գործին միջամտելու հնարավոր գործոնը։

«Պավել Ցուգունյանն իմ քաղաքական թիմակիցն է, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ, ես հանդիսանում եմ նույն կուսակցության վարչության անդամ։ Մենք միասին ունենք բավական երկար անցած քաղաքական ճանապարհ, այդ թվում պետական կառավարական համակարգում։ Բնականաբար ես չեմ կարող հերքել այդ հարաբերությունները, բայց ես հերքում եմ որևէ մեկին իմ կողմից հովանավորչություն որևէ հարցում։

Մհեր Բաղդասարովին հանդիպել եմ անձամբ Աբովյանում ընտրությունների քարոզարշավի ժամանակ, դա եղել է իմ առաջին և վերջին հանդիպումը նրա հետ։ Ես նրա հետ որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ»,- հավելեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս