ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նորաշեն 24 հասցեում ջրամատակարարումը 24 ժամի փոխարեն 17 ժամ է դարձել, ինչի մասին անգամ բնակիչներին տեղյակ չեն պահել։ Այն, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքացիների կարծիքները, իրավունքները, մեղմ ասած, ոտնահարում է, դա արդեն պարզ է բոլորին: Այս ընկերությունը, կարելի է ասել, աշխատում է այնպես, ինչպես իրեն է հարմար, իսկ հազարավոր բողոքների, դժգոհությունների մասին ո՛չ լսում է, ո՛չ էլ արձագանքում:
Եվ այսպես, բնակիչներն ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ գիշերը ժամը 22։00-ից ջուր են հավաքում, որպեսզի կարողանան օգտագործել, մինչև կբարեհաճեն նորից ջրերը միացնել: Մի խոսքով՝ ամառվա այս տապին քաղաքացիները ողջ օրը մտածում են, թե ինչպես լուծեն ջրի խնդիրը:
ArmLur.am-ն այս հարցով դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ պարզելու՝ ո՞րն է պատճառը, որ ջրամատակարարումը 24-ից դարձել է 17 ժամ և ինչո՞ւ բնակիչներին այդ մասին անգամ չեն զգուշացրել` ոտնահարելով նրանց իրավունքները:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ArmLur.am-ին հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչին ի պատասխան հայտնել են․
«Ի պատասխան Ձեր հարցադրումների հայտնում եմ, որ համաձայն 2024թ հրապարակված ժամանակացույցի՝ Երևան քաղաքի մի շարք հասցեների, այդ թվում՝ Նորաշեն 24 շենքի ջրամատակարարումը մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը պետք է իրականացվի 17 ժամյա ռեժիմով՝ 07։00-24։00 ժամերին։ Նշված ժամանակացույցը կազմվել է հաշվի առնելով ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թ թիվ 378-Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման/ կեղտերի մաքրման/ ծառայությունների, մատուցման կանոններով խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին։ Սպասարկվողները ջրամատակարարման ժամանակացույցին կարող են ծանոթանալ «Վելոիա ջուր» ՓԲԸ-ի կայքէջում։
Հարկ եմ համարում նշել, որ ընկերությունը ո՛չ վերոհիշյալ կանոնների և ո՛չ էլ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման/կեղտաջրերի մաքրմա/ ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու պարտավորություն չունի։
Նշեմ, որ նշված կանոնների 136-րդ կետի համաձայն՝ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկը պետք է ներառի բաժանորդին ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածը, և մինչև 17 ժամ տևողությամբ ջրամատակարարում ունեցող բաժանորդի ջրամատակարարումը պետք է իրականացվի ժամը 07։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ համաձայն 139-րդ կետի՝ մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 07։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6 ժամյա ջրամատակարարմամբ»։
Այսինքն, ինչպես միշտ այս ընկերությունը գործում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Հետաքրքիր է, թե հայրենի իշխանությունները ինչու՞ են այսքան հանդուրժող գտնվում այս ընկերության հանդեպ, ինչու որևէ հստակ քայլ չեն ձեռնարկում նրանց գործունեության, բարձիթողի աշխատանքի համար: Հուսանք, առաջիկայում այս ընկերությունը կսթափվի, կսկսի աշխատել ինչպես հարկն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան