Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԱՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։ Զեկույցում առանձնացվել են մի շարք պատմություններ, որոնք անձամբ պատմում են Արցախից բռնի տեղահանվածները։
ArmLur.am-ը ֆիքսել է, որ զեկույցում մասնավորապես ասվում է․
Հազարավոր մարդիկ Ստեփանակերտում և հարակից շրջաններում գնացել են քաղաքի օդանավակայանում տեղակայված ռուսական բազա՝ տարհանվելու։ Այլ բնակելի թաղամասերի մարդիկ լքել են իրենց տները՝ ականատես լինելով իրենց համայնքների գնդակոծմանը: Վանք գյուղից Արմանն իր հարցազրույցում պատմել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը ողջ օրը կրակել է, ինչի հետևանքով գյուղում արկից մահացել են եղբայրը և անչափահաս երեխան։
Վանքի մեկ այլ բնակիչ էլ հաստատեց, որ կան զոհեր և վիրավորներ։ Նա մանրամասնեց, որ ռմբակոծության հետևանքով վիրավորվել են գյուղի քահանան և նրա մոտ հյուրընկալված ընտանիքի բոլոր չորս անդամները, այդ թվում՝ երկու անչափահաս։ Երեխաներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս երեխան և մայրը ստացել են լուրջ վնասվածքներ։
Նման ցուցմունքներ են տվել նաև Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներից, այդ թվում՝ Ներքին Հոռաթաղից, Սառնաղբյուրից, Կարմիր շուկայից, Ճանկաթաղից, Մարտունիից, Ղազանչիից, Շոշից, Մուրիշենից և Սզնեքից։ Սարանգբյուրի բնակչուհին պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամները սպանվել կամ վիրավորվել հրետակոծության հետևանքով.
«Ես ասացի, «երեխեք, մի վախեցեք, եկեք աղոթենք»: Եվ հենց այդ պահին պայթյուն է եղել։ Շրջվեցի ու տեսա, որ տղաս ու մայրս գլխից վիրավոր են։ Տղայիս ուղեղը դուրս էր եկել… Այդ մի քանի րոպեների ընթացքում մի քանի արկ նետվեցին մեր վրա։ Անմիջապես աչքիս առաջ հարվածեցին իմ տղային՝ 15 տարեկան, և ևս երկու փոքր երեխայի։ Երկուսն էլ տղաներ էին՝ 10 և 11 տարեկան։ Մայրս այնտեղ մահացավ։ Հաջորդ արկը սպանեց սկեսրայրիս։»
Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներ օրեր շարունակ ապաստան գտան Ստեփանակերտում և հարակից շրջաններում՝ ռազմական գործողությունից անմիջապես հետո։ Նրանց ճնշող մեծամասնությունը չէին կարողանում վերադառնալ իրենց սովորական բնակության վայրերը, նույնիսկ անձնական իրերը վերցնել: Նման պրակտիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից իրականացվել են համաձայնեցված ջանքեր՝ հեռացնելու տեղի բնակչությանը և թույլ չտալու նրանց վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացածներից շատերը՝ հիմնականում կանայք, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք էին, ովքեր ադրբեջանցի զինծառայողների կողմից տեղափոխվել են ռազմակայաններ և մինչև 10 օր մնացել են ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք, ներառյալ ծանր վիրավորված քաղաքացիական անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք, հայտնել են վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության և նվաստացնող վերաբերմունքի մասին:
Քաղաքացիների մեծ մասն ազատ արձակվելուց հետո տուն վերադառնալու հնարավորություն չի ունեցել և ստիպված է եղել փախչել Հայաստան»։
Ավելին, զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները խոստովանել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ 17 էթնիկ հայերի ձերբակալությունը և դրա անմիջական հետևանքները։
Նրանցից միայն մեկն է ազատ արձակվել՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, որոնցից ութը Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Թեև կալանավորված մնացած 16 անձանցից 9-ին առաջադրված մեղադրանքների մասին հանրությանը հասանելի տեղեկություններ կան, մնացած 7 անձանց կարգավիճակի մասին տեղեկություններ չկան։
Էմմա Միքայելյան