9 ամիս շրջափակված Արցախից Հայաստան փախած գործարար Արման Հակոբջանյանը մի կողմից իր նոր գնած գազալցակայանների դիզայնն էր փոխում, մյուս կողմից՝ իր տան կողքին մի առանձնատուն էլ եղբոր համար է կառուցել, սրանց զուգահեռ՝ շարունակում է հաղթել պետական գնումներում և ֆինանսավորվել պետության կողմից։
Պետական գնումներին պարբերաբար հաղթած Արման Հակոբջանյանը 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի հուլիսի 5-ը «Կապավոր» ՍՊԸ-ն կնքել է 15 պայմանագիր ՀՀ հանրային իշխանության մարմինների հետ, դրանց թվում՝ Դիլիջանի և Գավառի համայնքապետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ:
Հիշեցնենք, որ Հակոբջանյանը, որ իր հոր՝ ԼՂՀ քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի կողմից 1997 թվականին «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունն է ղեկավարում, պետական մրցույթներում հաղթելով՝ ահռելի ունեցվածքի տեր է դարձել: Նրանք նաեւ ունեն 2002 թվականից հիմնադրած եւս մի ընկերություն՝ «Սերպանտին» ՍՊԸ-ն:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Արման Հակոբջանյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է 2 միլիարդ 491 մլն դրամ արժողությամբ պայմանագիր, որը ենթադրում է միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրով նախատեսվել է պայմանագրի կնքման օրից հաջորդող 257 օրում ավարտել Մ-11, Մարտունի-Վարդենիս- ՀՀ Միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ25+500-կմ29+200 հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։
Կից կարող եք տեսնել նաև, թե ինչ ժամանակացույցով են կատարվելու լաբորատոր փորձաքննությունները, նախապատրաստական աշխատանքները, քանդման, լիցքի և այլ աշխատանքները։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հունիսի 22-ին գրել էր, որ արցախցի գործարար Արման Հակոբջանյանին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից եւ գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել ո՛չ Արցախից Հայաստան գալու, ո՛չ էլ լցակայանները գնելու մասին տեղեկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: