Ամառային տաք ու ջերմ օրերը կարծես թե սկսվում են. ժամանց, երեկոյան զբոսանքներ, ամառային հանգիստ:
Յուրաքանչյուրիս զգեստապահարանն էլ թարմության կարիք ունի:
Այս ամռան նորաձևության թրենդները դասականության, սպորտայինի և հանգստության մասին են: Եթե պատրաստ եք, ապա միասին հասկանանք, թե ինչն է նորաձև 2024 թվականի ամռանը:
Սպորտի աշխարհը հիշեցնող հագուստը. միկրո-մինի ծալքավոր կիսաշրջազգեստներ, պոլո շապիկներ, բեյսբոլի բաճկոն հիշեցնող բաճկոններ:
Բոհո ոճի հագուստ. 2024 թվականին բոհո ոճի հագուստը փոփոխություն է կրել: Այն ավելի նուրբ հյուսքերով և ծոպերով է, քան նախկինում: Ոճը թրենդային կլինի մինչև խորը աշուն:
Նեղ և ցածր սպորտային կոշիկներ. արդեն երկրորդ ամառն անընդմեջ մեծ և բարձր սպորտային կոշիկներն իրենց տեղը զիջում են նեղ և ցածր սպորտային կոշիկներին: Նախապատվությունը կարելի է տալ Adidas կամ Puma ապրանքանիշերի ցածր մոդելներին:
«Փոքր սպիտակ զգեստ». այս զգեստները կարելի է կրել թե՛ ցերեկային զբոսանքների, թե՛ երեկոյան խնջույքների ժամանակ՝ պարզապես համադրելով այն թեթև սանդալների և պարզագույն զարդերի հետ:
Րաֆֆիա պարագաներ. պայուսակներ, կոշիկներ, գոտիներ՝ մեկ խոսքով՝ ամեն բան ծղոտի մասին: Սա այն ոճն է, որը միշտ թրենդային է ծովափին, սակայն 2024 թվականի ամռանը այն նորաոճ է ամենուրեք և ցանկացած «լուքի» հետ:
Կարագի դեղին. Այս գույնը 2024 թվականի ամռան ամենաթրենդային գույներից է: այն նորաձև է համարվում թե՛ առօրյա հագուպակում, թե՛ երեկոյան կամ հարսանեկան արարողությունների ժամանակ կրելու համար:
Փայլեր. «Ralph Lauren»-ից մինչև «Kate Spade»՝ նորաձևության տների ցուցադրություններն այս տարի լի էին փայլերով և շողշողուն զգեստներով: Զգեստներ, կոշիներ, շապիկներ և պայուսակներ. այս ամենը կարող է լինել փայլուն և շողշողուն:
«Մերի Ջեյն» ցածր կոշիկներ. նախորդ դարավերջին նորաձևություն «եկած» այս կոշիկները դասական- սպորտային ոճի լավագույն մասն են: Դրանք կարելի է համադրել ջինսե տաբատների, դասական հագուստի և թեթև զգեստների հետ:
Լայն և անկանոն գոտիներ. նորաձևության թրենդները, ինչպես միշտ, կրկնվելու հակում ունեն: Այս անգամ հերթը լայն և անկանոն գոտիներինն է, որոնք կարելի է կրել թե՛ ջինսերի, թե՛ լայն տաբատների և թե՛ զգեստների հետ:
Եթե փորձենք կարճ ամփոփել այս ամառվա նորաձևությունը, ապա այն բազային հագուստի, դասական-սպորտային ոճի և 1980-1990-ականների «լուքերի» նոր դրսևորումների համադրությունն է:
Դե ինչ սիրելի կանայք և աղջիկներ, զգեստապահարանը թարմացնելու ժամանակն է:
Հուրի Բաղդասարյան