Արդեն 10 մլն իրանցի ընտրող քվեարկել է նախագահական ընտրություններում, տեղեկացրել է Al Mayadeen-ը։ Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08.00-ին։ Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 6-ի օրվա առաջին կեսին բոլոր ձայների հաշվարկից հետո։
Նախագահական աթոռի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը, եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։ Առաջին փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին, Փեզեշքիանը եւ Ջալիլին հավաքել էին 44 եւ 40 տոկոս ձայներ համապատասխանաբար։ Հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50 տոկոս։ Մասնակցությունը կազմել է 40 տոկոս, ինչն ամենացածրն է իսլամական հանրապետության գոյության 45 տարիների ընթացքում։ Ընտրաթերթիկների 4 տոկոսը անվավեր է ճանաչվել։
Իրանում քաղաքական գործիչներին ընդունված է պայմանականորեն բաժանել երեք ճամբարի՝ պահպանողականներ, բարեփոխիչներ եւ չափավորներ։ Բոլոր հոսանքների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարում հանրապետության պետական կարգի, այդ թվում իսլամի՝ որպես երկրի պաշտոնական կրոնի, ամրապնդումը։
Նախագահական ընտրապայքարի երկու մասնակիցները տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի եւ երկրի կայուն զարգացման կողմնակից են։ Փեզեշքիանը կողմ է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկխոսությանն Արեւմուտքի հետ եւ Գործողությունների համապարփակ եւ համատեղ պլանի (ԳՀՀԾ, միջուկային գործարք) վերականգնմանը։ Առողջապահության նախկին նախարարը Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգից է, խոստացել է ընդլայնել կանանց եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքները, քննադատում էր իշխանությունների դիրքորոշումը հիջաբի պարտադիր կրման հարցում։
Ջալիլին կողմ է արեւմտյան պատժամիջոցների դեմ պայքարում ներքին պոտենցիալի վրա հենվելուն, զինված ուժերի ամրապնդմանը, մայիսի 19-ին ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքական գծի շարունակմանը, ԲՐԻԿՍ-ին եւ Շանհայի համագործակցության կազմակերպությանը մասնակցությանը, Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացմանը։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի 2018թ. ԳՀՀԾ-ից դուրս գալու համար։