Վճռաբեկ դատարանի նախագահի և ամուսնու` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագրերը չեն համապատասխանում իրար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի փետրվարին։
Մինչեւ Վճռաբեկի նախագահ դառնալը Թադևոսյանը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ապա նախագահ:

Լիլիթ Թադևոսյանի ամուսինը Վահագն Գրիգորյանն է, ով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է և պաշտոնի է նշանակվել 2023 թվականի մարտին։ Ամուսինը կնոջ մասին ոչ մի տվյալ չի ներկայացրել հայտարարագրում, այնինչ կինը հայտարարագրել է ամուսնու տվյալները, սակայն նշել է նախկին աշխատավայրը՝ Երևանի քաղաքապետարան, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ։

Հետաքրքիր է` այս փաստը վրիպե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աչքից, թե՞ պարզապես հաշվի չի առնվել։ Կպարզենք:
Շարունակելով Թադևոսյանի հայտարարագրի ուսումնասիրությունը` նշենք, որ նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 միանձնյա սեփականությամբ հողամաս և 1 բնակարան բազմաբնակարան շենքում` համատեղ սեփականությամբ։

Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, այն Վճռաբեկ դատարանի նախագահը նվիրատվություն է ստացել 2022 թվականին։ Իսկ բնակարանը ձեռք է բերվել 2013 թվականին, կրկին Արաբկիր վարչական շրջանում։

Լիլիթ Թադևոսյանը հայտարարագրել է 2008 թվականին ձեռք բերված, 2008 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մեքենա։

Վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարագրել է 436 եվրո, 356 հազար դրամ և 1 328 դոլար բանկային հաշիվների մնացորդ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 37 մլն 800 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 606 հազար դրամ, որից 23 մլն 514 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Թադևոսյանը 4 մլն 172 հազար դրամը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն դրամ, որը այլ բնակարանի և հողամասի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ըստ այդմ` ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մարման համար ստացված եկամուտն է։

Թադևոսյանը եկամուտներ է ստացել նաև համալսարաններից՝ 32 հազար դրամ ԵՊՀ-ից, 887 հազար դրամ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանից։

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը միանվագ շուրջ 32 մլն դրամ է ծախսել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս