Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Ազգային Ժողով է եկել 2021 թվականին հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, ևս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում որպես գլխավոր մասնագետ։
2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն Ռուբինյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 057 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, հենց այստեղից ենք տեղեկանում, որ ԱԺ նախագահի տեղակալը ունի նոր բնակարան Երևան քաղաքում։
Ռուբինյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 396 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 17 մլն 483 հազար դրամ։ Եկամուտների 14 մլն 051 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 2 մլն 860 հազար դրամը ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Եկամուտների 570 հազար դրամը վարկ է Ինեկոբանկից։
Ռուբինյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 609 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգմանն ուղղել է 11 մլն 406 հազար դրամ։
Ռուբինյանի կինը հաշվետու տարվա եկամուտներում հայտարարգրել է 2 մլն 650 հազար դրամ և 900$ դոլար գումար, որը ստացել է հարսանեկան արարողության հյուրերից։ Ազգային Ժողովի աշխատակազմից Մարիամ Հաջի-Հակոբյանը որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 4 մլն 461 հազար դրամ։
Էմմա Միքայելյան