Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:
Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու առաքելության ճանապարհին»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: