Արման Եղոյանն Ազգային Ժողով է եկել 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պատգամավորը նախկինում եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Արման Եղոյանի 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս, 1 ավտոտնակ։ Հողամասը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, այն ձեռք է բերվել 2020 թվականին։ Բնակարանը և ավտոտնակը գտնվում են Երևան քաղաքում, գույքերը ձեռք են բերվել 2021 թվականին որպես ժառանգություն։
Հաշվետու տարվա ընթացքում Եղոյանը ևս մեկ հողամաս նվիրատվությամբ փոխանցել է կնոջը, սակայն նվիրատվության հանձնված հողամասի մասին ո՛չ տարվա սկզբում առկա գույքերի ցանկում կա, ո՛չ տարվա ընթացքում ձեռք բերված գույքերի ցանկում։
Ստացվում է, որ բոլոր գույքերն Արման Եղոյանը ձեռք է բերել հեղափոխությունից հետո։
ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը սեփական տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփական իրավունքով իրեն չպատկանող 2016 թվականի արտադրության MAZDA մակնիշի մեքենա։ Եղոյանի կնոջ՝ Քրիստինա Հունանյանի, հայտարարագրից հասկանում ենք, որ նշված մեքենան իրեն է պատկանում։ Քրիստինա Հունանյանը տարեսկզբին ունեցել է 2010 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2019 թվականին։ MAZDA մակնիշի մեքենան, որի մասին խոսվում էր, Հունանյանը ձեռք է բերել 2023 թվականին 3 մլն 890 հազար դրամ արժեքով, ապա TOYOTA-ն հաշվետու տարվա ընթացքում վաճառել է գրեթե 1000 դոլար էժան գնով՝ 3 մլն 120 հազար դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 2,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։ Եղոյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 441 հազար դրամ, որից միայն 11 մլն 964 հազար դրամն է աշխատանքի վարձատրություն ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 33,7 մլն դրամը վարկեր են ՀայԷկոնոմ բանկից և Ինեկեբանկից։
Արման Եղոյանը նվիրատվություն է ստացել իր քրոջից՝ Նոնա Եղոյանից, 1 մլն 650 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 058 հազար դրամ, որից 26 մլն 842 հազար դրամը հողամասի և բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան