Դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որից տեղեկանում ենք՝ դերասանին ազատել են աշխատանքից:
Նա նամակ է ստացել, որում գրված է եղել, որ առաջին կարգի դերասան է, սակայն ազատված է աշխատանքից:
ArmLur.am-ի հետ զրույցում՝ դերասանն ասաց, որ նամակը ստացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունից:
«Քանի որ «Գոյ» թատրոնը որպես ՊՈԱԿ այլևս չկա, իրավահաջորդը Սունդուկյան թատրոնն է:
Ինձ 2 ամիս առաջ արդեն ազատել էին, ուղղակի նամակը նոր է հասել ինձ: Ծանուցել են, որ գնամ պայմանագիրն իրենց հետ երկարացնեմ, որպեսզի դառնամ Սունդուկյան թատրոնի դերասան։ Ես չեմ գնացել, չեմ ստորագրել, այդ իսկ պատճառով ազատել են աշխատանքից»:
Սամվել Թոփալյանն այս քայլը չի կապում քաղաքական որևէ գործառույթների հետ:
Նրա խոսքով՝ բոլոր դերասաններին ազատել են, քանի որ ոչ ոք չի ստորագրել պայմանագիրը:
«Հիմա բանակցություններ են գնում նախարարության հետ, որպեսզի նույն տարածքում, բայց մասնավոր հիմունքներով մենք շարունակենք մեր աշխատանքները»:
Հիշեցնենք, որ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը, և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։ Դրանից հետո« «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն անժամկետ նստացույց էր հայտարարել։ Նախօրեին՝ նստացույցի 6-րդ օրը, նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու:
Էմմա Մարտիրոսյան