ՀՀ-ում փակվել է հերթական դպրոցը․ ուսուցիչը մանրամասներ է հայտնել այդ մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ամիսներ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց ոչ առևտրային կազմակերպությունը առանց ուսուցչական կազմի տեղյակ լինելու փակվում է։

Հիշեցնենք, որ դպրոցի աշխատակիցները մեզ փոխանցել էին, որ դպրոցի տնօրեն Խաչատուր Պարանյանը միշտ «փափուկ բարձ» է դրել նրանց գլխի տակ և ասել, որ դպրոցը չի փակվելու, ամեն բան լավ է լինելու։

ArmLur.am-ը այսօր կրկին կապ հաստատեց դպրոցի աշխատակիցներից մեկի հետ՝ պարզելու՝ ի՞նչ փուլում է գտնվում դպրոցի գործերը, ի վերջո ի՞նչ որոշում է կայացվել։

«Դպրոցն արդեն փակվել է։ Ռեգիստրով դպրոցը փակվել է հունիսի 25-ին։ Մենք հիմա դպրոցի հանձնման փուլում ենք, մինչև շաբաթվա վերջ կավարտենք»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշխատակիցներից մեկը։

ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց՝ ի՞նչ են անելու հաջորդիվ, քանի որ դպրոցը փակել են, ինչին ի պատասխան՝ աշխատակիցն ասաց․

«Վանաձորի 10-րդ ավագ դպրոցը միացնում են Վանաձորի 13-րդ ավագ դպրոցին՝ վերակազմավորման ձևով։ Մի քանի աշխատող կաշխատի՝ ըստ պահանջարկի։ Այս պահին բոլորս ծանուցում ենք ստորագրել, որ մինչև սեպտեմբերի 2-ը բոլորս դեռևս համարվում ենք աշխատանքի մեջ, հիմա արձակուրդում ենք, հետո կվերադառնանք 13-րդ դպրոց»։

Վանաձորի թիվ 10-րդ դպրոցի փոխարեն բացվելու է բնագիտամաթեմատիկական «Էվրիկա» դպրոցը։

Հավելենք, որ վերը նշված 3 դպրոցները գտնվում են ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս