«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը երեկոյան ՀՀ ԱԳՆ անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ հաջորդ օրը, այսինքն երեկ, Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկելու։
Երեկ, սակայն, քվեարկությունը տեղի ունեցավ, և Հայաստանը ի դեմս ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի, «դեմ» քվեարկեց։ Բանաձևը, որի մեխը Ղրիմի կցումը Ռուսաստանին դատապարտելն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է. ի վերջո ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Բայց Հայաստանը «դեմ» քվեարկած մյուս տասը երկրների հետ, հայտնվեց մի շարքում։ Այդ երկրներն են Ռուսաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Բոլիվիան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն։
Եթե «Ազատության» նման ծանրակշիռ լրատվամիջոցը հրապարակել է լուրը, ուրեմն տեղեկությունը փոխանցել է մեկը, ով ունի նման իրավասություն, հակառակ դեպքում՝ «Ազատությունը» այդպիսի պատասխանատվություն չէր վերցնի։
Ըստ ամենայնի, զանգողը եղել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Առնվազն՝ Տիգրան Բալայանը։ Հակառակ դեպքում՝ լուրը հրապարակվելուց հետո ԱԳՆ-ն հերքում կպահանջեր, ինչը չի արել։ Եվ ուրեմն, ինչո՞ւ է ԱԳՆ պաշտոնյան նման լուր հրապարակելու խնդրանքով դիմել ԶԼՄ–ին։ Այդօրինակ արտահոսքերը սովորաբար արվում են այսպես կոչված զոնդաժի, ինչ-որ շրջանակի կամ սուբյեկտի վերաբերմունքը, ռեակցիան ստուգելու համար։ Ահա, ուրեմն, Հայաստանի իշխանության վերնախավում որոշել են, որ անհրաժեշտ է «ձեռնպահ» քվեարկել բանաձևին։ Բայց նրանց համարձակությունը չի հերիքել այդ մասին ուղիղ տեղյակ պահել Ռուսաստանին։ Եվ ուրեմն, ՌԴ ռեակցիան ստուգելու համար որոշել են արտահոսքի խնդրանքով դիմել «Ազատություն» ռադիոկայանին։
Հիմա արդեն, երբ Հայաստանը ի վերջո «դեմ» է քվեարկել, կարող ենք կռահել, թե ինչ է տեղի ունեցել լուրը, հրապարակելուց հետո։ Ռուսաստանի համապատասխան շրջանակների ներկայացուցիչը զանգահարել կամ այցելել է Հայաստանի համապատասխան շրջանակների ներկայացուցչին և զգուշացրել մտքներովդ չանցնի նման բան։ Պիտի դեմ քվեարկեք և վերջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։