Ջրամատակարարում, աղբահանություն, բնակարանային վարձերի թանկացում․ ո՞ւր է «անհետացել» Էջմիածնի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն Էջմիածնի բնակիչներից ահազանգ է ստացվել այն մասին, որ վարձակալությամբ տրվող բնակարանների գները կտրուկ թանկացել են։

Մեզ հետ զրույցում բնակիչն, ով ահազանգել էր դեպքի մասին, ասաց, որ վարձակալության գները 70․000-80․000 դրամից շեշտակի դարձել են 200-250․000 դրամ։

Բացի վերը նշված խնդրից՝ բնակիչները այլ խնդիրներ էլ նշեցին, որոնցից են Էջմիածին քաղաքի աղբահանությունն ու ջրամատակարարումը։

Ահազանգող քաղաքացու խոսքով՝ ջրամատակարարումը 24 ժամի փոխարեն դարձրել է 17 ժամ, սակայն ժամանակ առ ժամանակ նշված 17 ժամի փոխարեն ավելի կարճ ժամանակով է մատակարարվում ջուրը։

Հիշեցնենք, որ այս խնդիրը կա նաև մայրաքաղաքում և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն մեր գրավոր հարցմանը պատասխանել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ջրամատակարարումը պետք է իրականացվի 17 ժամյա ռեժիմով՝ 07։00-24։00 ժամերին։ Նշված ժամանակացույցը կազմվել է հաշվի առնելով ընկերության ներկայիս տեխնիկական հնարավորությունները։

Ինչ վերաբերում է աղբահանությանը՝ քաղաքացին նշեց, որ աղբահանությունը լավ չի իրականացվում, ինչը ևս անհանգստացնում է բնակիչներին։

Այս խնդրով կապ հաստատեցինք Վաղարշապատի համայնքապետարանի մամուլի խոսնակ Սիրանուշ Գևորգյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք այս խնդիրներով համայնքապետարանը վերահսկողություն իրականացնում է, թե ոչ։

ArmLur.am-ի  հետ զրույցում Սիրանուշ Գևորգյանն ասաց, որ նշված խնդիրներից միայն աղբահանությունն է համայնքապետարանի վերահսկողության տակ։

«Ձեր նշածներից միայն աղբահանությունն է համայնքապետարանի վերահսկողության տակ։ Թե՛ բնակարանների վարձերի թանկացումը, թե՛ ջրամատակարարումը մեր ենթակայության տակ չի։ Աղբահանության հետ կապված էլ ասեմ, որ տարվա սկզբից մենք ունենք նոր աղբամաններ ու մեքենաներ, աղբահանությունը կատարվում է, եթե չասեմ իդեալական, ապա շատ լավ իրականացվում է։ Աղբահանության մասով կոնկրետ բողոքներ մենք չունենք։ Երբեմն լինում է, որ կոնկրետ հասցեում կուտակում շատ է լինում, և մենք աղբահանությունը 2 անգամ ենք իրականացնում»,- ասաց Սիրանուշ Գևորգյանը։

Կարելի է ենթադրել, որ բացի աղբահանությունից՝ վերը նշված երկու խնդիրները, այն է՝ բնակարանների վարձակալության գների թանկացումն ու ջրամատակարարումը վերահսկողությունից դուրս են գտնվում, այսինքն՝ ամեն բան բարձիթողի իրավիճակում է։

Ի դեպ, նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին արդեն տևական ժամանակ է փնտրում են, զանգահարում՝ քաղաքացիների բողոքը ներկայացնելու համար, սակայն տիկին քաղաքապետը կարծես թե «անհետացած» լինի, նրան գտնելը դարձել է անհնարին: Նրա ղեկավարած քաղաքն անհուսալի վիճակում է, իսկ քաղաքապետը վայելում է կյանքը՝ կարծես, թե ո՛չ խնդիրներ կա, ո՛չ էլ դրանք իրեն վերաբերվում են:

Աննա Սրապիոնյան




Լրահոս