ArmLur.am-ի զրուցակիցը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանն է։
-Պարո՛ն Հակոբյան, Տավուշում, կարծես, ավարտել են սահմանազատումը, որի հետևանքով Կիրանց գյուղը կիսվել է, մի շարք բնակավայրեր ու հողատարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել։ Հետևում եք՝ ինչ է կատարվում Տավուշում, ըստ ձեզ՝ ինչ զարգացումներ են այնտեղ սպասվում։
-Ինձ չի հետաքրքրում՝ ի՞նչ է կատարվում։ Ես դրա մասին խոսել եմ, որ այս ամենը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետևանք է։ Ինչ-որ մեկը հետևություն արե՞լ է դրանից։
-Դե այս օրերին քաղաքացիները ակցիաներ են իրականացնում, պահանջում են իշխանափոխություն՝ այսպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով երկրում տեղի ունեցող գործընթացների մասով։ Եթե հետևություն արած չլինեին՝ իշխանության հեռացում կպահանջեի՞ն։
-Իհարկե՝ ոչ, եթե հետևություն արած լինեին, չէին գնա ու ընտրեին Նիկոլ Փաշինյանին։
-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ, էլի մարզեր կան, որոնց նույն ճանատագիրն է սպասվում ՝ ինչ Տավուշում եղավ։
-Բացեք 2020թ-ի հունվար կամ փետրվար եմ տվել իմ հարցազրույցը՝ ձեր օրաթերթին եմ տվել, էնտեղ ամեն ինչ ասել եմ։
-Նիկոլ Փաշինյանը վերջերս գնացել էր Սյունիք ու էնտեղ հայտարարեց, որ հաջորդը Սյունիքն է լինելու։
-Ոչ միայն Սյունիքը, ես արդեն ասել եմ, ամեն անգամ նունը կրկնե՞մ։
-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ, այն ինչ մեր հետ կատարվում է՝ պատերազմում կրած պարտության հետևա՞նք է, թե՞ իշխանությունների ապաշնորհության կամ մտադրված են գուցե այսպես անում։
-Ազգային մենթալիտետի, իսկ իշխանությունները մեր ազգի պատկերն են։
-Այսօր նաև զինվորականներն են լուռ, այդ թվում՝ Տավուշի գեներալները, առանց որևէ խոսք ասելու՝ հետևում են, ինչպես է մարզը կիսվում, ձեզ համար նրանց այս պահվածքը հասկանալի՞ է։
-Ազգի սերուցքն են։
-Պարո՛ն Հակոբյան, իսկ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը հետևո՞ւմ եք, կիսու՞մ եք Սրբազանի տեսակետները։
-Ես Բագրատ Սրբազանին հարգում, սիրում եմ, այն ինչ-որ պետք է՝ ասել եմ նրան։
-Ե՞րբ եք հանդիպել։
-Շատ շուտ։
-Իսկ ի՞նչ եք ասել նրան։
-Կարևոր չի, ես իրեն ինչ պետք է՝ ասել եմ։
-Պարո՛ն Հակոբյան, իսկ ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հանրահավաքներին։
-Ով է ասում՝ չեմ մասնակցում։
-Դե երբևէ հանրահավաքներին Ձեզ չենք տեսել։
-Ես էլ ձեզ չեմ տեսել, ուրեմն՝ դուք էլ չեք մասնակցել։
Քրիստինա Մուշեղյան