Ակադեմիական քաղաքի կառուցման համար կծախսվի գրեթե 1,2 տրիլիոն. Հայոցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մատենադարան»-ում քննարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը:
Միջոցառմանը ներկա են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը կներկայացնի գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

Միջոցառմանը ներկա են ՀՀ բուհերի ղեկավարներ, ՀՀ ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպությունների և այլ շահառու կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ակադեմիական քաղաքի մեկնարկը տրվելու է 2030 թվականին և ընդգրկելու է պետական բուհերը, իսկ մասնավոր բուհերի միացումը իրենց որոշելունն է։

Հարցին՝ եթե անգամ մի շենք գործի, Կառավարությունը կհամարի դա Ակադեմիական քաղաքի մեկնարկ, Անդրեասյանը խուսափողական պատասխան տվեց։ Պատասխանը ո՛չ հաստատող էր, ո՛չ հերքող։

Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը հավելել է, որ «Ակադեմիական քաղաքի»-ի աշխատանքները կարող են տևել 30 տարի, բայց առաջին շենքը կկառուցվի մինչև 2029-ը։

«Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար։ Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շենքը կավարտվի մինչև 2029 թվականը։ Մինչև 2029 թվականը բուհերի տեղափոխում ակադեմիական քաղաք չի լինի»,-ասաց գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հստակեցնելով նախարարի նշած «Ակադեմիական քաղաքի» արժեքը կկազմի «մի քանի տրիլիոն», ասաց, որ «Ակադեմիական քաղաքի» կյանքի կոչման համար անհրաժեշտ է գրեթե 1,2 տրիլիոն դրամ։

Հստակ ժամկետներ չեն նշվում, կան սպասելի արդյունքների հակասություն, սակայն Կառավարությունից վստահ են, որ նախագիծը կյանքի կկոչվի։




Լրահոս